Եվրամիությունը չի փոխել Հայաստանի հանդեպ քաղաքականությունը: Այս մասին հոկտեմբերի 10-ին Հայաստանում անցկացված ԵՄ Ակումբի երրորդ թրեյնինգի շրջանավարտներին հավաստագրերի հանձնման արարողության ժամանակ հայտարարել է մեր երկրում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան:
«Նրանք, ովքեր պնդում են այդ, կա՛մ ճիշտ տեղեկատվության չեն տիրապետում, կա՛մ նպատակուղղված են այդ անում»,- ասել է Տրայան Հրիստեան:
Խոսելով Հայաստանում ԵՄ Ակումբի մասին՝ դեսպանն ընդգծել է, որ դա հրաշալի նախաձեռնություն է, որը լավ հարթակ է դարձել Հայաստանի մասին ավելին իմանալու համար:
Հիշեցնենք, որ Եվրամիության Ակումբի երրորդ թրեյնինգը Հայաստանում մեկնարկել է սեպտեմբերի 26-ին, Աղվերանում: Եռօրյա հավաքին մասնակցել են պաշտոնատար անձինք, պատգամավորներ, հասարակական եւ երիտասարդական կազմակերպությունների, գործարար, գիտական եւ կրոնական շրջանակների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:



























