Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ողբերգական ավտովթարից հետո կազմված դեպքի վայրի զննության  արձանագրության մեջ չի ներառվել Հակոբյանների վարած «Նիվա» մեքենայի անիվի հետքը, որը երեւում է լուսանկարում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը։

Պաշտպանական կողմի միջնորդությամբ այսօր դատարան էր հրավիրվել Կոտայքի ոստիկանության մարզային վարչության փորձաքրեագիտական խմբի փորձագետ Թորգոմ Եգորյանը, որն ասաց, որ եղել է դեպքի վայրում, կատարել է զննություն, դեպքի վայրում հայտնաբերել եւ ֆիքսել է հետքեր։

Փաստաբան Բաղդասարյանը փորձագետին ցույց տվեց դեպքի վայրի լուսանկարներից մեկը եւ խնդրեց պատասխանել՝ «Նիվա» մակնիշի մեքենայի անիվներից հետքեր տեսնում է, թե ոչ։ Փորձագետն սկզբում ասաց, որ տեսնում է հետքը, իսկ երբ փաստաբանը հարցրեց, թե ինչու այդ հետքի մասին նշված չէ արձանագրությունում, փորձագետն ասաց, որ ինքը նկարում եղած ջրի հետքերի մասին էր խոսում, ոչ թե անիվի։

Նշենք, որ մեղադրողն ու տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը առարկում էին փորձագետին ուղղված պաշտպանական կողմի հարցերին, դատավորը, սակայն, դատավորը չէր բավարարում առարկությունները։

Նիկոլայ Բաղդասարյանը մեկ այլ խախտում էլ որ նկատել արձանագրության ձեւաթղթում. փորձագետը ստորագրել էր մասնագետի համար նախատեսված հատվածում, ինչը չի թույլատրվում, քանի որ մասնագետը կարող է եզրակացություն գրել, փորձագետը՝ ոչ։

Մեղադրողն ու փաստաբանը վրդովվեցին այս հայտարարությունից։

«Փորձագետ-մասնագետ թեման պաշտպանական կողմը խաղաքարտ է դարձնում եւ ինչ-որ նպատակ է հետապնդում։ Խնդրում եմ առարկել այս հարցերին։ Ցավում եմ, որ այս թեմաների մեջ ենք ընկել, խնդրում եմ հարցը հանել, քանի որ դատավարությունը մենք վերածել ենք ավելորդ դիվիդենտներ ձեռք բերելուն»,-ասաց մեղադրողը, սակայն դատավոր Վաղինակ Մկրտչյանը չընդունեց առարկությունը։

Փորձագետ Թորգոմ Եգորյանն էլ արդարացավ, որ մասնագետի համար նախատեսված հատվածում ստորագրել է միայն այն պատճառով, որ արձանագրության մեջ չի եղել փորձագետի համար նշված տեղ։

Տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը նկատեց, որ փորձագետի հարցաքննությունը շարունակելն անիմաստ է, որովհետեւ խնդիրը զուտ տեխնիկական է եղել։

«Վկան իր ցուցմունքում հստակ նշեց, որ ինքը փորձագիտական եզրակացություն չի տվել։ Այս անիմաստ հարցաքննությունն ո՞ւմ է պետք. եթե ես տեմպերով շարունակվի, Վարդան Պետրոսյանը մինչեւ 2015թ, անազատության մեջ կմնա»,- հայտարարեց Բալոյանը։

Դատավորը սաստեց փաստաբանին՝ նշելով, որ դատարանի գործառույթն իր վրա չվերցնի. «Հնարավոր է, որ մինչեւ 2018թ.-ն էլ ձգվի»։

Նշենք, որ դատական նիստն անցավ առանց տուժող կողմի ներկայության։ Վկայի հարցաքննությունից հետո դատական նիստը հետաձգվեց։ հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 17-ին։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։