Երեք տարվա ընթացքում Տավուշի եւ Վայոց ձորի մարզերում կստեղծվի ջերմոցային 19 տնտեսություն, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Բիզնեսի աջակցման կենտրոնի» (Business Support Center) տնօրեն Սամվել Գեւորգյանը՝ մեկնաբանելով Oxfam կազմակերպության կողմից ֆինանսավորվող ծրագիրը, որին մասնակցում է նաեւ BSC-ն:
«Դրանց մի մասն արդեն բացվել է եւ շարունակում ենք այսուհետ էլ աշխատել շահառուների հետ», - հավելել է Գեւորգյանը:
Նա նշել է, որ ջերմոցային տնտեսությունները հատկապես կարեւոր են սակավահող ֆերմերների համար, որոնք Հայաստանում մեծամասնություն են: «Մենք գյուղատնտեսներին ցանկանում ենք օգնել՝ միասին առավելագույն շահույթ ստանալ այդ փոքր հողատարածքներից: Բավական դրական օրինակներ կան: Ջերմոցի բերքը գնում են անմիջապես դարպասների մոտից», - ընդգծել է Գեւորգյանը:
Նա հավելել է, որ կոոպերատիվ ջերմոցների թվի աճին զուգահեռ, գյուղատնտեսները կարող են խորհել վաճառքի մասին արդեն ոչ միայն իրենց գյուղում, այլեւ՝ հարեւան մարզերում: «Օրինակ՝ Տավուշի մարզից բանջարեղենը կարելի է տանել Շիրակի մարզ, որտեղ այն քիչ է», - նշել է Գեւորգյանը:
Նա հավելել է, որ Երեւանի շուկա դուրս գալու համար նույն մարզի ջերմոցները պետք է համագործակցեն. արտադրեն նույն որակի արտադրանք, իսկ եթե ցանկանում են աշխատել սուպերմարկետների հետ, ապա նաեւ՝ նույն փաթեթավորմամբ: «Համագործակցությունը Հայաստանում բիզնեսի թույլ տեղն է, ընդ որում՝ ոչ միայն փոքր բիզնեսի: Յուրքանչյուրն աշխատելու իր պատկերացումներն ունի: Սակայն, հաշվի առնելով Երեւանի շուկայի կարեւորությունը, կոոպերատիվների համար շատ կարեւոր է պայմանավորվածության ձեռքբերումը», - հավելել է Գեւորգյանը:




























