Մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության գործով դատական նիստն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Երեւանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վերածվեց դատավորի, դատախազի, եւ պաշտպանի միջեւ վիճաբանության:
Ամբաստանյալ Դավիթ Թամրազյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը հայտարարեց, որ ինքը հարցեր ունի իր պաշտպանյալին, որոնք, սակայն, կարող է տալ միայն նրա հեռախոսազանգերի վերծանումները հետազոտելուց հետո:
Հեռախոսազանգերի 106 էջանոց վերծանումները վերաբերում էին դեկտեմբերի 1-ից մինչեւ դեպքի օրը՝ մայիսի 7-ը, ամբաստանյալի ելքային ու մուտքային զանգերին: Պաշտպանը նշեց, որ այդ վերծանումների հետազոտմամբ կապացուցվի իր ամբաստանյալի անմեղությունը:
«Հետազոտվել են միայն Մարիամ Հունանյանի հեռախոսազանգերը: Երբ Մարիամը եղել է բնակարանում, Բաշինջաղյան 101 հասցեի ալեհավաքն է սպասարկել նրա հեռախոսազանգերը: Այդ նույն հասցեն սպասարկած ալեհավաքն ամբաստանյալի հեռախոսազանգերի վերծանությունում չկա»,-ասաց պաշտպանը:
Կրոմվել Գրիգորյանն սկսեց ընթերցել վերծանումները՝ հերթականությամբ թվարկելով զանգերի ժամը, տեւողությունը եւ զանգը սպասարկած ալեհավաքի անվանումը, ինչը վրդովեցրեց դատախազին եւ դատավորին:
«Դուք Ձեր հետեւությունը ներկայացրեք դատարանին: Թե չէ մեկ տարի որ հետազոտենք, չենք վերջացնի: Ես Ձեզ թույլ չեմ տալիս հետազոտել, եթե Դուք ըստ էության չեք կարողանում ներկայացնել ձեր դիրքորոշումը սրա վերաբերյալ: Հաճույք եք ստանում կարդալուց, պարոն Գրիգորյան: Էսօր էլ ձգեցիք նիստը, դա Ձեր աշխատելաոճն է, Ձեր բոցաշունչ ելույթները շատ եմ լսել»,-ասաց դատավորը:
Պաշտպանը պնդեց, որ հետազոտությունը կարեւոր է, քանի որ վերծանումներով պարզ է դառնում, որ դեպքի օրն իր պաշտպանյալը Մարիամ Հունանյանի տանը չի եղել, դրանից առաջ չի շփվել նրա հետ, ինչին մեղադրողն արձագանքեց. «Իր ցուցմունքում մեղադրյալն էդ բնակարանը նենց ա նկարագրել, սկի Կոջոյանը չէր կարա տենց նկարեր՝ սանտիմետր առ սանտիմետր»:
Պաշտպանը շարունակեց ընթերցել վերծանումները՝ նշելով, որ իր հետեւությունները կներկայացնի պաշտպանական ճառի ժամանակ:
Նշենք, որ Դավիթ Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, վիրավորված լինելով իր հետ հարաբերությունները խզած Մարիամ Հունանյանից, 2013թ. մայիսի 7-ին գնացել է Մարիամ Հունանյանի բնակարան, ասել, թե իբր անակնկալ նվեր ունի նրան տալու, խնդրել է աչքերը փակել և իր մոտ եղած խոհանոցային դանակով կտրել է Մարիամ Հունանյանի կոկորդը, ինչի հետևանքով աղջիկը տեղում մահացել է: Բացի այդ, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով հրկիզել է դեպքի վայր հանդիսացող բնակարանը՝ սեփականատիրոջը պատճառելով 680.437 ՀՀ դրամի գույքային վնաս:
Նշենք, որ տուժողը մատուցողուհի է աշխատել այն հյուրանոցում, որտեղ նախկինում աշխատել է ամբաստանյալը:




























