Ադրբեջանական բանտում զոհված Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանի դին տեղափոխել են Երեւան:
Հայաստանի գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերի հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Գաբրիելյանը NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց, որ զոհվածի մարմինը փոխանցվել է Դատական բժշկության գիտա-գործնական հանրապետական կենտրոնին՝ փորձաքննության:
Հիշեցնենք, որ Կարեն Պետրոսյանի մահվան փաստի առիթով քրեական գործ է հարուցվել: «Քննչական մարմնի հետաքննության շրջանակում որոշում է ընդունվել փորձաքննություն նշանակելու մասին: Կարեն Պետրոսյանի մահվան պատճառների մասին փորձաքննության կարծիքը, ինչպես նաեւ մահից հետո մինչեւ հայկական կողմին հանձնելը մարմինը պահելու պայմանների մասին կտեղեկացվի ավելի ուշ: Սակայն ադրբեջանական բանտում հայ գերու մահվան փաստն ինքնին ռազմական հանցագործություն է, որի համար հարեւան երկրի համապատասխան իշխանությունները պատասխանատվություն կրեն»,- ընդգծեց Արմեն Գաբրիելյանը:
Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը գերեվարվել էր օգոստոսի 7-ին: Հաջորդ օրն արդեն՝ օգոստոսին 8-ին, ադրբեջանական կողմը տեղեկություն տարածեց իբր «սրտի անբավարարության հետեւանքով» գերու մահվան մասին: Հոկտեմբերի 10-ին Ադրբեջանի իշխանությունները Կարեն Պետրոսյանի դին հանձնեցին Հայաստանին:




























