Սիմֆերոպոլ-Երեւան չվերթի փոխադրողի վերաբերյալ հայտը պետք է դիտարկվի մինչեւ հոկտեմբերի վերջ,  NEWS.am-ին հայտնել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության  մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը: 

Չվերթն իրականացնելուն հավակնում է «Գռոզնի Ավիան», որն արդեն  իրականացնում է չվերթներ Սիմֆերապոլից Ստամբուլ:  «Ավիաընկերությունը ՔԱԳՎ դիմել է սեպտեմբերի վերջին՝ շաբաթական չվերթներ իրականացնելու հայտով», - պարզաբանել է Գրձելյանը:

Հիշեցնենք, որ Երեւան-Սիմֆերոպոլ չվերթը 2013 թ. հուլիսից մի քանի ամիս իրականացրել է «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը՝ նույնպես շաբաթական հաճախականությամբ:

Նշենք, որ «Գռոզնի Ավիան» Սիմֆերոպոլից Ստամբուլ է մեկնում Անապայում վայրէջքով, եւ Ստամբուլում չվերթը գրանցվում է՝ որպես հենց այնտեղից  ժամանող: Դեռ պարզ չէ, թե արդյոք ընկերությունը նույնպիսի մոտեցում կցուցաբերի Հայաստանի դեպքում՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) հետ բարդություններից խուսափելու համար. կազմակերպությունը օդանավակայաններին  կոդեր չի տալիս միջազգայնորեն չճանաչված տարածքներում: