Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավարներն ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի եւ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի հետ խորհրդակցություններ են անցկացրել հարցերի լայն շրջանակի շուրջ:
Ըստ «Asbarez»-ի, քննարկվել են ամերիկահայերի քաղաքական առաջնահերթությունները, «Իսլամական պետության» մասնակցությամբ ճգնաժամի սրման ֆոնին հայկական համայնքների բարեկեցությանը վերաբերող հարցեր, ԱՄՆ-Թուրքիա ավելի լարված հարաբերությունները եւ ամբողջ Մերձավոր Արեւելքում աճող անկայությունը:
Ռոբերտ Մենենդեսի եւ Էդ Ռոյսի հետ առանձին հանդիպումների ընթացքում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավարները քննարկել են Թուրքիայի աջակցությունը վայելով «Իսլամական պետության» վտանգն ու նրա ագրեսիաները Սիրիայում եւ Իրաքում, ինչպես նաեւ տարածաշրջանում հայերի եւ այլ փոքրամասնությունների վիճակը:
Քննարկվել են նաեւ ջանքերը, որոնք ուղղված են Սպիտակ տան մասնակցությամբ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտմանը վերջ դնելուն, Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների վերադարձին առնչվող ամերիկյան օրենսդրությանը, Արցախի Հանրապետության անվտանգությանը եւ հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա ամրապնդմանն ուղղված հարցեր:



























