Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 17-ամյա Տիգրան Հայրապետյանի սպանության գործով մեղադրվող Հայկ Աղամալյանի եւ Դավիթ Մանուկյանի պաշտպաններն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, հանդես եկան պաշտպանական ճառով՝ պահանջելով արդարացման դատավճիռ կայացնել:

Հայկ Աղամալյանի պաշտպան Սերգեյ Գրիգորյանը գործով նոր վկայի հարցաքննելու մասին միջնորդությամբ հանդես եկավ: Դատավորը մերժեց միջնորդությունը՝ նշելով, որ այն բավարարելու դեպքում անհրաժեշտ կլինի վերսկսել դատավարությունը:

Հայկ Աղամալյանի պաշտպանն իր ճառում նշեց, որ մեղադրանք առաջադրելիս չեն պարզվել գործին առնչվող մի շարք հանգամանքներ, եւ դատարանն անհիմն ձեւով մերժել է պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները:

Նրա խոսքով՝ անթույլատրելի է հիմնվել վկա Մարտին Գեւորգյանի այն ցուցմունքի վրա, թե իբր միայն Հայկ Աղամալյանի ձեռքին է դանակ տեսել, ու ենթադրելով, որ նա է Տիգրան Հայրապետյանին դանակահարել, մինչդեռ նախաքննական ցուցմունքներում վկաներից շատերը պնդել են, որ վիճաբանության մասնակիցների շատերի ձեռքին է դանակ եղել:  

«Եթե դատարանը հաշվի առներ այս հանգամանքը, ապա այժմ կունենայինք միանգամայն այլ դատավարություն եւ այլ ամբաստանյալներ»,- ասաց Սերգեյ Գրիգորյանը:

Ըստ Դավիթ Մանուկյանի պաշտպան Գայանե Գրիգորյանի՝ իր պաշտպանյալը դեպքի օրը որեւէ խուլիգանություն չի կատարել, չի հայհոյել, չի խախտել հասարակական կարգը, այլ միայն ինքնապաշտպանվել է՝ հետ մղելով իրեն հասցված հարվածները, իսկ սպանության գործիքը հեռացրել է, որպեսզի միջադեպի մասնակիցները միմյանց չվնասեն:

Պաշտպանը նաեւ դատարան ներկայացրեց իր պաշտպանյալի վերաբերյալ մի քանի բնութագրեր, որոնք իր կարծիքով, կարող են ապացուցել, որ Դավիթը բարի համբավ ունի եւ ընդունակ չէ խուլիգանություն կատարել:

Ճառերից հետո վերջին խոսքով հանդես եկավ ամբաստանյալ Դավիթ Մանուկյանը:

«Արդեն տանն էի, երբ ինտերնետային կայքից տեղեկացա, որ Տերյան փողոցում տեղի ունեցած միջադեպի ժամանակ դանակահարվել եւ սպանվել է ժողինստիտուտի ուսանող Տիգրան Հայրապետյանը: Հաջորդ օրը կրկին ինտերնետային կայքից տեղեկացա,  որ սպանողը եղել է Երեւանի թիվ 3 ավագ դպրոցի աշակերտ՝ 17-ամյա Հայկ Աղամալյանը: Մտածեցի՝ իմ ընկեր Հայկն է սպանողը, բայց նրան վաղուց եմ ճանաչում, նա ունակ չէ ինչ-որ մեկին կյանքից զրկելու: Եթե դանակը հայտնաբերված եւ հետազոտված չէ, ինչպե՞ս կարող եք ինձ եւ Հայկին մեղադրանք առաջադրել»,- ասաց ամբաստանյալը։

Ամբաստանյալ Հայկ Աղամալյանը պաշտպանական ճառին պատրաստվելու համար 10-15 օր ժամանակ խնդրեց: Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 24-ին:

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկ Աղամալյանը Տերյան փող. 72շ. հարեւանությամբ մի խումբ անձանց հետ, դանակի գործադրմամբ բռնություն գործադրելով կատարել է խուլիգանություն, որի ընթացքում նույն դանակով հարվածել է Տիգրան Հայրապետյանի կրծքավանդակին եւ նրան ապօրինաբար զրկել կյանքից: 17-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Իսկ Դավիթ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել նույն խմբում խուլիգանություն կատարելու եւ առանձնապես ծանր հանցագործության կատարման գործիք հանդիսացող դանակի վրա առկա հետքերը պարտակելու համար: