Նորվեգիան միացել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների փաթեթին, որը Եվրամիությունը հաստատել է սեպտեմբերի 12-ին: Այս մասին ասված է երկրի ԱԳՆ հայտարարությունում:
Ըստ «Platts»-ի, համապատասխան որոշումն ընդունվել է նախարարների կաբինետի կողմից: «Համաձայնեցված նոր միջոցներն ուժի մեջ են մտնում անհապաղ»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Սեպտեմբերի 12-ին Եվրամիությունն ու ԱՄՆ-ն պաշտոնապես հայտարարեցին Ուկրաինայի հետ կապված ռուսական ընկերությունների եւ ֆիզիկական անձանց դեմ նոր պատժամիջոցների մասին: Եվրոպական ցանկում ընդգրկվեցին Ռուսաստանի նույն պետական բանկերը, որոնք դրանում ներառված էին հուլիսի 31-ից (Սբերբանկ, ՎՏԲ, Գազպրոմբանկ, ՎԷԲ եւ Ռոսսելխոզբանկ), երեք ընկերությունները՝ «Ռոսնավթը», «Գազպրոմ նավթը» եւ «Տրանսնավթը», ինչպես նաեւ մեծ թվով պաշտպանական ձեռնարկություններ եւ ֆիզիկական անձինք:



























