Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր՝ հոկտեմբերի 10-ի երեկոյան պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Սերբիայի Հանրապետության նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը:

Այցի շրջանակներում ՀՀ Նախագահի նստավայրում հոկտեմբերի 11-ին տեղի կունենա երկու երկրների նախագահների առանձնազրույցը, որից հետո Հայաստանի եւ Սերբիայի նախագահները կմեկնեն Դիլիջան՝ մասնակցելու Դիլիջանի միջազգային դպրոցի բացման արարողությանը: Նույն օրը երեկոյան նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Տոմիսլավ Նիկոլիչը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կդիտեն Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Սերբիա խաղը:

Հոկտեմբերի 12-ին Սերբիայի Նախագահը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղկեպսակ կդնի Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին եւ հարգանքի տուրք կմատուցի անմեղ զոհերի հիշատակին: Այնուհետեւ ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենան հայ-սերբական ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց կհաջորդի երկու երկրների միջեւ մի շարք ոլորտներում համագործակցության ամրապնդմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Տոմիսլավ Նիկոլիչը ԶԼՄ-երի առջեւ հանդես կգան բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ:

Նախատեսված է նաեւ Սերբիայի Նախագահի հանդիպումը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ:

Նույն օրը նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը ծաղկեպսակ կդնի Արմավիրի մարզում գտնվող սերբ օդաչուների հիշատակը հավերժացնող հուշարձանին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում կունենա Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, կայցելի Գանձարան եւ Մայր տաճար: