Հայաստանի ներկա իշխանությունները չարաբաստիկ սահմանադրական բարեփոխումների միջոցով փորձում են վերարտադրել իրենց հաջորդ տասնամյակում, սակայն մենք ձեզ հետ միասին թույլ չենք տա դա անել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 10-ին, եռյակի հանրահավաքում հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: (ֆոտոռեպորտաժ)
Նրա խոսքով՝ տեսնելով խորհրդարանական եռյակի համախմբումը, իշխանությունները սկսեցին օգտագործել իրենց քաղաքական «հաճախորդների» ողջ զինանոցը, որոնք ամեն կերպ փորձում են համոզել ժողովրդին, որ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» հուսախաբ են անելու իրենց կողմնակիցներին:
«Սակայն այստեղ ամբիոնի մոտ կանգնած են արժանի քաղաքական առաջնորդներ, որոնք ձեզ հուսախաբ չեն անելու: Ներկա իշխանությունները իրենց քաղաքականությամբ հանգեցրել են նրան, որ ժողովուրդը զանգվածաբար լքում է Հայաստանը, եւ այդ գործընթացը պետք է կանգնեցնել»,-ասել է Զոհրաբյանը:
Անձնապես Սերժ Սարգսյանի հասցեին ուղղված քննադատությամբ հանդես եկավ Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Նա 2008թ. սուր քաղաքական դիմադրության ժամանակ մարդկանց մահվան մեջ է մեղադրել պետության ղեկավարին՝ շրջանցելով այն փաստը, որ այդ ժամանակ «Բարգավաճ Հայաստանը» իշխանության կողմից է հանդես եկել:
Նրա խոսքով՝ Հայաստանի ժողովրդի համբերությունը եւ Սերժ Սարգսյանի հետագա իշխանությունը երկրի համար հղի են աղետալի հետեւանքներով: Իրավիճակից դուրս գալու միակ ելքը, ընդդիմադրի համոզմամբ, նախագահի հնարավորինս արագ հրաժարականն է:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























