Ազատության հրապարակում հանրահավաքի ավարտին ժամը 20:00-ին մեկնարկեց խորհրդարանական եռյակի կողմնակիցների երթը Երեւանի կենտրոնով: (ֆոտոռեպորտաժ)
Իրավապահները շարք են կազմել Մաշտոցի պողոտայի երթեւեկելի հատվածը բաժանող հատվածում՝ ցուցարարներին թույլ տալով փակել ճանապարհի աջ հատվածի երթեւեկությունը:
Երթը գլխավորում են խորհրդարանական եռյակի ղեկավարները. ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ցուցարարները հակակառավարական կարգախոսներ են վանկարկում՝ կոչ անելով Սերժ Սարգսյանին հեռանալ նախագահի պաշտոնից:
NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, ցուցարարների առաջին խմբերն արդեն Մաշտոցի պողոտայից թեքվում են դեպի Կորյունի փողոց: Երթն ընթանում է առանց միջադեպերի:
Երթի ավարտին խորհրդարանական եռյակի կողմնակիցները մտադիր են Թումանյան փողոցով վերադառնալ դեպի Ազատության հրապարակ: Քաղաքական ուժերի հետագա քայլերի մասին առայժմ չի հայտարարվել:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























