Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երեւան 2796» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երեւան ժամանած Ստավրոպոլի քաղաքապետ Գեորգի Կոլյագինի հետ:

Ողջունելով գործընկերոջը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել  հրավերն ընդունելու համար, ապա համոզմունք, որ այս այցը եւս իր դրական ազդեցությունը կունենա երկու քաղաքների միջեւ առկա փոխգործակցությունն ու գործընկերային կապերն էլ ավելի ամրապնդելու եւ ընդլայնելու գործում. «Նախորդ տարի Երեւանի եւ Ստավրոպոլի միջեւ ստորագրված համաձայնագիրը խթան հանդիսացավ, որ մեր երկու քաղաքների միջեւ բարեկամությունն առավել ամրապնդվի ու գործնական ընթացք ստանա: Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում  համագործակցության ընդլայնման առումով էլ մենք իսկապես մեծ ներուժ ունենք, եւ վստահ եմ, որ կկարողանանք կյանքի կոչել բոլոր այն կետերը, որ նախանշել ենք համաձայնագրով», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: Ստավրոպոլի քաղաքապետ Գեորգի Կոլյագինն իր հերթին նախ շնորհավորել է Երեւանի քաղաքապետին մայրաքաղաքի տոնի կապակցությամբ, ապա նաեւ ընդգծել, որ սա եւս մեկ հրաշալի առիթ է քննարկելու համագործակցության ծրագրերի ընթացքն ու նախանշելու առաջիկա անելիքները. «Երեւանում արդեն իսկ իշխող տոնական տրամադրությունը փաստում է, որ այս տարի եւս քաղաքի տոնն իսկական տոնախմբության է վերածվելու: Իսկապես հաճելի է գտնվել Երեւանում ու հերթական անգամ դառնալ տոնի լիարժեք մասնակիցը: Ես նույնպես վստահ եմ, պարոն քաղաքապետ, որ առաջիկայում մենք հնարավորություն կունենանք էլ ավելի ընդլայնելու համագործակցության շրջանակներն ու նոր թափ հաղորդելու երկուստեք փոխգործակցությանը», - նշել է Գեորգի Կոլյագինը: