Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական դպրոցի  ուսանողների պատվիրակությանը՝ դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:

Վարչապետն ընդգծել է դպրոցի ուսանողների ավանդական դարձած այցերի կարեւորությունն Արցախի տնտեսական եւ քաղաքական ներուժին տեղում ծանոթանալու գործում: Նա համառոտ կերպով ներկայացրել է իր տեսակետներն արտաքին քաղաքական ընթացիկ իրավիճակի վերաբերյալ՝ շեշտադրելով, որ առաջընթացը նկատելի է այդ ուղղությամբ:

Վ. Գաբրիելյանը ներկայացրել է այցի նպատակներն ու արդյունքները, ինչպես նաեւ դպրոցի ձեռքբերումներն ու ծրագրերը: Նա ընդգծել է իրենց պատրաստակամությունը հնարավորինս աջակցելու ԼՂՀ դիվանագետների եւ պետական այլ ծառայողների մասնագիտական վերապատրաստմանը:

Պատասխանելով ուսանողների հարցերին՝ Ա. Հարությունյանը ներկայացրել է տնտեսության գերակա ուղղությունները եւ դրանցում իրագործվող ներդրումային քաղաքականությունը: Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել օտարերկրյա ներդրումների ծավալից՝ շեշտադրելով, որ հանրապետության տնտեսական եւ քաղաքական կայունության եւ զարգացման հանդեպ վստահության մակարդակը բավականին բարձր է: Վարչապետն անդրադարձել է նաեւ մի շարք նոր ծրագրերի՝ հանքարդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի եւ այլ ոլորտներում:

Պատասխանելով Արցախի քաղաքական ապագայի վերաբերյալ հարցին՝ Ա. Հարությունյանն այն պայմանավորել է հանրապետության տնտեսական զարգացմամբ՝ ընդգծելով ՀՀ իշխանությունների անմիջական աջակցության նշանակալի դերը: