«Հին քաղաք, նոր հեռանկարներ» խորագրով անցկացվող «Երեւան 2025» առաջին միջազգային կոնֆերանսում ներկայացվում է մայրաքաղաքի զարգացման առաջիկա 10 տարիների տեսլականը:
Քաղաքաշինական ծրագրերն առանձնացնելով որպես քաղաքի զարգացման կարեւոր նախապայման՝ Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը կոնֆերանսին ներկայացրել է քաղաքաշինության զարգացման գերակա ուղղությունները, այն է՝ ճանապարհային ցանցի զարգացում, բնակելի ֆոնդի արդիականացում, բնակչության սակավաշարժ խմբերի քաղաքաշինական միջավայրի մատչելիության ապահովում, հասարակական հանգստի կենտրոնների բարելավում: Ընդգծելով քաղաքաշինական նպատակաուղղված ծրագրերի իրականացումը՝ Երեւանի գլխավոր ճարտարապետը հատկանշել է, որ բոլոր ծրագրերում, քաղաքապետի որդեգրած քաղաքականության համաձայն, ապահովվում է մայրաքաղաքի համաչափ զարգացման նախապայմանը:
Զեկույցում տեղ են գտել նաեւ ներդրումային ծրագրերը, որոնք նաեւ կարեւոր քաղաքաշինական նշանակություն ունեն մայրաքաղաքի զարգացման համար:
«Երեւան քաղաքի համաչափ զարգացման հիմնական նպատակն է ապահովել քաղաքաշինական գործունեության միջավայրի զարգացմանն ուղղված հավասարաչափ, բարենպաստ եւ ներդաշնակ պայմաններ քաղաքի ողջ տարածքում` աշխատանքի, բնակության, հանգստի, ժամանցի եւ սպասարկման համար»,- նշել է Տիգրան Բարսեղյանը:
Կոնֆերանսի զեկույցների շրջանակում մանրամասն ներկայացվել են նաեւ Երեւանի ճանապարհատրանսպորտային ցանցի հեռանկարները:
«Այս ուղղությամբ կարեւորվում է երեք հիմնական ուղղություն` քաղաքի կենտրոնի բեռնաթափում, ճանապարհային ցանցի բարելավում, Երեւանը շրջանցող մայրուղային ճանապարհների կազմակերպում։ Ներկայում Ասիական զարգացման բանկի հետ ընթանում են աշխատանքներ՝ Երեւանի կենտրոնը շրջանցող մի քանի մայրուղիների եւ դրանց առանձին հանգույցների նախագծման, կառուցման եւ վերակառուցման ուղղությամբ»,- նշել է «Երեւաննախագիծ» ՓԲԸ տնօրեն Սիրեկան Օհանյանը: Նա նաեւ հավելել է, որ այն միանգամից լուծում է հետիոտների անվտանգ տեղաշարժի, տրանսպորտի անխափան ու անվտանգ երթեեւկության եւ մի շարք այլ կարեւորագույն խնդիրները: Խոսելով վերջին տարիներին այս ուղղությամբ քաղաքապետարանի կողմից կատարված աշխատանքների մասին՝ կարեւորվել է Ուլնեցի-Ռուբինյանց փողոցները միացնող եւ Երեւանի գլխավոր հատակագծով նախատեսված ու երեւանցիների կողմից երկար սպասված Ծովակալ Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին միացնող անընդհատ երթեւեկության մայրուղին, որը նախատեսում է շարունակություն ունենալ մինչեւ Արշակունյաց պողոտա:
Ճանապարհատրանսպորտային ցանցի ընդլայնումն ու բարելավումը որոշակիորեն փոխկապակցված է նաեւ հասարակական տրանսպորտի համակարգի հետ, որը եւս մեկ՝ դեռեւս իր զարգացման փուլում գտնվող խնդիր է:
Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, խոսելով հասարակական տրանսպորտային համակարգի բարեփոխումների մասին, նախ անդրադարձել է երթուղային ցանցի ընդլայնման հարցին եւ ընդգծել, որ նոր երթուղային ցանցը հիմնականում կնախատեսի մեծ տեղատարողությամբ ավտոբուսներով ուղեւորափոխադրում, իսկ քաղաքի յուրահատկություններից ելնելով մի քանի առանձին երթուղիներում միայն կնախատեսվի միջին տեղատարողությամբ ավտոբուսների եւ միկրոավտոբուսների շահագործումը: Կներդրվի նաեւ էլեկտրոնային միասնական տոմսային համակարգը:
«Այս խնդիրների լուծման եւ հեռահար նպատակների իրականացման համար քաղաքային իշխանություններն արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներ են տանում։ Համոզված եմ, որ արդյունավետ եւ նպատակային քայլերով մինչեւ 2025 թվականը մենք կունենանք մայրաքաղաք Երեւանին հարիր հասարակական տրանսպորտային համակարգ, որը կլինի իսկապես հարմարավետ երեւանցիների ու նաեւ մայրաքաղաքի հյուրերի համար»,- ընդգծել է Վահե Նիկոյանը:
Առանձին ներկայացվել են նաեւ Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի ապագան եւ մասնավորապես դեպի Աջափնյակ վարչական շրջան մոտ 3 կիլոմետրանոց նոր ուղեգծի կառուցման հնարավորությունները:
«Մետրոյի ուղեգծի ընդլայնումը կարեւորվում է մի շարք հանգամանքներով: Դրա արդյունքում կբեռնաթափվի վարչական շրջանի երթեւեկը, տվյալ հատվածներում վերգետնյա հասարակական տրանսպորտի թվաքանակի նվազումն էլ կնպաստի ճանապարհների թողունակությանը: Նախատեսվում է նաեւ ուղեւորահոսքի շուրջ 30 տոկոս աճ»,-նշել է Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը:
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը, ողջունելով կոնֆերանսի անցկացումը, առիթից օգտվելով շնորհավորել է նաեւ մայրաքաղաքի տոնը: Վերջինս կարեւորել է զարգացման հեռանկարների քննարկումը եւ համոզմունք հայտնել, որ առաջիկա տարիներին նախանշված գաղափարները կվերածվեն հստակ ծրագրերի: Մարկ Դեյվիսը նաեւ վերահաստատել է իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը քաղաքապետարանի հետ եւ հույս հայտնել, որ որոշ ծրագրեր հնարավոր կլինի իրականացնել համատեղ ուժերով:
Զեկույցների ներկայացումից հետո կոնֆերանսի մասնակիցներն քննարկումները շարունակել են աշխատանքային խմբերում: Անուհետ ընդունվել է բանաձեւ, ըստ որի՝ Երեւանի համաչափ զարգացման հիմնարար սկզբունքի անշեղ կիրառմամբ ռազմավարական հիմնական թիրախներ ընտրված ծրագրերի իրականցմամբ աշխարհի հնագույն բնակավայրերից մեկը կարող է եւ պետք է դառնա միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից մրցունակ քաղաք: Միաժամանակ մշակվող ծրագրերը հնարավոր չի լինի կյանքի կոչել՝ առանց դրանց հրապարակային քննարկումների, քաղաքացիների շահագիգիռ խմբերի ակտիվ մասնակցության, քաղաքային իշխանության, տարբեր պետական մարմինների ներդաշնակ համագործակցության:
«Մենք լիահույս ենք, որ տեղական ինքնակառավարման մարմինն ունի այն կամքն ու ներուժը, որով ի զորու է իրականացնելու ապագային միտված հավակնոտ ծրագրերը: մենք կոչ ենք անում Հայաստանի եւ օտարերկրյա ներդրողներին, միջազգային կազմակերպություններին գործնական մասնակցություն ցուցաբերելու Երեւանի համչափ զարգացմանն ուղղված ծրագրերին»,- ընդգծել է քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը:
Ամփոփելով կոնֆերանսի աշխատանքները՝ նա նաեւ համոզմունք է հայտնել, որ «Հին քաղաք, նոր հեռանկարներ» խորագրի ներքո կազմակերպված «Երեւան 2025» կոնֆերանսում ներկայացված ծրագրերն ու նախագծերը կոնֆերանսի աշխատանքի արդյունքները պետք է ներկայացնել հանրությանը եւ յուրաքանչյուր երեւանցու եւս մասնակից դարձնել այդ ծրագրերի վերջնական մշակմանն ու իրագործմանը:
.jpg)



























