Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ Կրասնոդար քաղաքի մունիցիպալ միավորման ղեկավար Վլադիմիր Եվլանովը քաղաքապետարանի ճեմասրահում ստորագրել են փոխգործակցության եւ համագործակցության մասին համաձայնագիր: Ըստ այդմ, կողմերը պարտավորվել են ամրապնդել եւ զարգացնել բարեկամական հարաբերությունները երկու քաղաքների միջեւ: Ստորագրված համաձայնագրով համագործակցություն կծավալվի քաղաքային տնտեսության կառավարման, սոցիալական, մշակութային եւ տնտեսական կապերի հաստատման ու զարգացման ուղղությամբ:
Փոխայցելությունների շրջանակում էլ կողմերի միջեւ կիրականացվի փորձի եւ տեղեկատվության փոխանակում: Կարեւորելով համաձայնագրի ստորագրումը` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Կրասնոդարի քաղաքապետ Վլադիմիր Եվլանովը համոզմունք են հայտնել, որ այն նոր սկիզբ կդնի երկկողմ փոխգործակցությանն ու էլ ավելի կսերտացնի երկու ժողովուրդների միջեւ առկա բարեկամությունը: Կողմերը նաեւ ընդգծել են, որ ստորագրված համաձայնագրով հնարավորություն կստեղծվի ընդլայնել համագործակցության շրջանակները, ինչն իր հերթին օգտակար կլինի նաեւ երկու քաղաքների բնակիչների համար:




























