«Ալ-Քաիդա»-ի մի շարք խմբեր, այդ թվում՝ կազմակերպության տարածաշրջանային երկու ամենից վտանգավոր մասնաճյուղերը, վերանայել են «Իսլամական պետության» գերծայրահեղական նկրտումների հետ իրենց անհամաձայնությունը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով արեւմտյան լրատվամիջոցներին:

Ավելի վաղ «Ալ-Քաիդա»-ի երկու առանցքային թեւերն Իրաքի եւ Սիրիայի ջիհադականներին կոչ էին արել միասնական ճակատ ստեղծել՝ միջազգային հակաահաբեկչական կոալիցիային դիմակայելու համար: Համատեղ հայտարարությունն Իրաքի եւ Սիրիայի «եղբայրներին» կոչ էր անում «դադարել սպանել միմյանց եւ միավորվել ամերիկյան արշավի դեմ»:

Հոդվածի հեղինակը մի քանի օրինակ է բերում, որ «Ալ-Քաիդա»-ի տարբեր ջոկատներ տարբեր ժամանակահատվածում հաղորդում են «Իսլամական պետության» ուժերի հետ շփվելու պատրաստակամության մասին, ինչի մասին վկայում է այն, որ «Ալ-Քաիդա»-ի խմբավորումները մոտենում են մասնատմանը վերջ դնելուն եւ միջազգային կոալիցիայի դեմ միասնական ճակատով հանդես գալու պատրաստակամությանը»: «Եվ չնայած «Ալ-Քաիդա»-ի կենտրոնական առաջնորդները սեպտեմբերի 26-ին մի շարք հաղորդագրություններ տարածեցին, որոնք հերքում էին «Իսլամական պետության» հետ հաշտեցումը, ԱՄՆ-ում կարծում են, որ իրականում դրանք կարող էին կազմված լինել սեպտեմբերի 23-ին կոալիցիայի զորքերի կողմից հրթիռային հարվածներից առաջ»,- արեւմտյան լրատվամիջոցների ենթադրություններն է մեջբերում գործակալությունը: