ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հրավերով մասնակցել է  մարզի խորհրդի նիստին:

Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Յուրա Ազատյանը զեկուցել է աշնանացանի գործընթացի կազմակերպման մասին: Նրա տեղեկացմամբ, ընթացիկ տարում հացահատիկային եւ հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքային տարածությունները կազմել են 26,261 հեկտար, 2013 թվականի 24,424 հեկտարի դիմաց, ընդ որում ցորենի ցանքատարածություններն  ավելացել են 480 հեկտարով, իսկ գարու ցանքատարածությունները՝ 1272 հեկտարով։ Նա նշել է նաեւ, որ  մարզում արդեն կատարվել է 9200 հեկտար աշնանացան, սակայն մինչեւ տարեվերջ այն կհասնի 12 000 հեկտարի:

«Քանի որ գյուղատնտեսական տարին մոտենում է ավարտին,  եւ բերքահավաքի  մոտ 90 տոկոսն արդեն  իրականացվել է,  մենք կազմակերպում ենք հանդիպումներ մարզերում,  որպեսզի  քննարկենք կատարված աշխատանքներն ու լուծում տանք առկա խնդիրներին », - նշել է նախարարը:

Նախարար Սերգո Կարապետյանը  մարզխորհրդի նիստի մասնակիցներին ներկայացրել է 2015 թվականին գյուղատնտեսության ոլորտում իրակացվող ծրագրերը եւ տեղեկացրել , որ պետական աջակցության ծրագրերի շրջանակներում գյուղացիներին մատչելի պայմաններով տրամադրվում են սերմացուներ, պարարտանյութեր, դիզելային վառելանյութ, ինչպես նաեւ գյուղատնտեսական վարկեր: Նախարարը հավաստիացրել է, որ այս ծրագրերը հաջորդ տարի նույնպես կշարունակվեն եւ հորդորել է    մարզում իրականացվող աշնանացանի ծավալներն ավելացնեն:

Նախարարը կարեւորել է Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության (CARMAC) ծրագիրը  եւ նշել է, որ մանր գյուղացիական տնտեսությունների հզորացման   միակ ճանապարհը միավորումների եւ կոոպերատիվների ստեղծումն է:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկաներին տեղեկացրել է, որ հոկտեմբերի 11- ից մեկարկելու է  Գյուղատնտեսական համատարած հաշվառման ծրագիրը: Նախարարը կարեւորել է այս  ծրագիրը եւ նշել է, որ այն հնարավորություն կտա  պարզել  գյուղատնտեսության ոլորտի իրական պատկերը:

Գյուղատնտեսական համատարած հաշվառման նպատակն է տեղեկություններ հավաքագրել գյուղատնտեսական նշանակության հողերի, կենդանիների գլխաքանակի, գյուղտեխնիկայի, գյուղատնտեսական նշանակության շենք-շինությունների, մարդկային, նյութական ներուժի եւ դրանց օգտագործման վերաբերյալ:

Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը  նշել է, որ հոկտեմբերի 19-ին Հայաստանի Հանարպետությունում նշվելու է Գյուղատնտեսության  աշխատողի օրը, որի առթիվ շնորհավորել է մարզի բնակիչներին  եւ մաղթել բարեբեր տարի: