ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) առաքելությանը՝  բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի ղեկավար Ուինսթոն Յունի գլխավորությամբ:

Քննարկվեցին ծրագրի ընթացքի հետ կապված հարցեր: 2014թ. սկզբից մեկնարկած քառամյա ծրագիրն ուղղված է ոռոգման համակարգերի շահագործման հուսալիության եւ արդյունավետության բարձրացմանը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է մասնավորապես Մեղրիի, Գեղարդալճի, Բաղրամյան-Նորակերտի եւ Քաղցրաշենի ինքնահոս համակարգերի կառուցում, ջրանցքների վերակառուցում, ջրաչափման եւ կառավարման ժամանակակից SCADA համակարգերի տեղադրում:

ՀԲ առաքելությունը իրականացրել է ծրագրի նկատմամբ ընթացիկ վերահսկողություն, որի արդյունքներն էլ հանդիպման ընթացքում ներկայացվեցին փոխվարչապետին: Առաքելության ներկայացուցիչները  ծրագրի ընթացքը գոհացուցիչ համարեցին: Նշվեց, որ ներկայումս ընթացքի մեջ գտնվող Մեղրիի ինքնահոս համակարգի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ գալիք տարվա սեպտեմբեր:

Զրուցակիցները քննարկեցին նաեւ մյուս ինքնահոս համակարգերի կառուցման, ինչպես նաեւ  ծրագրի իրականացման հետ կապված այլ հարցեր: Կողմերը երկուստեք ընդգծեցին, որ ինքնահոս համակարգերի կառուցման ընթացքում լուրջ ուշադրություն պետք է  դարձվի  բնապահպանական եւ սոցիալական խնդիրներին, ինչպես նաեւ  համապատասխան քննարկումներ իրականացվեն համայնքներում: