Սեւանի ոստիկանների կողմից բերման ենթարկվածին ծեծի ենթարկելու դեպքի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել: NEWS.am-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ ԱՄԵ քաղաքացու սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործը, քննությունը իրականացնում է Հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունը, որի շրջանակներում դեռեւս սեպտեմբերի 10-ին ձերբակալվել էր առերեւույթ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձը՝ Ավագյանը: «Նույնը օրը՝ սեպտեմբերի 10-ին, ձերբաալվածներին պահելու վայրից իրազեկում էր ստացվել, որ ձերբակալվածի թիկունքին, ձախ ուսին, ձախ ծնկին կան կարմրավուն հետքեր,իսկ աջ ոտնաթաթի հոդերին՝ կան վերքեր: Իրազեկման հիման վրա նախապատրաստվել են նյութեր, նշանակվել է դաատաբժշկական փորձաքննություն այդ նյութերը սեպտեմբերի 19-ին ուղարկվել են ՀՔԾ՝ քննչական ենթակայության կարգով ընթացքը լուծելու համար: Ցանկացած նման գործով նման իրազեկում ստանալու դեպքով դրան անմիջապես ընթացք է տրվում»,-հայտնեցին Քննչական կոմիտեից:

Հիշեցնենք, որ Հայաստանի քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալված Գարեգին Ա.-ի մարմնի վրա ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել են առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Գարեգին Ա.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի սեպտեմբերի 10-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզի Սեւանի բաժնի ոստիկանները իրեն բնակարանից բերման ենթարկելու ժամանակ բռնություն են գործադրել ինչպես իր, այնպես էլ ընտանիքի անդամների նկատմամբ:

Գարեգին Ա.-ն նշել է նաեւ, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում մեկ այլ ոստիկան եւս բռնություն է գործադրել իր նկատմամբ:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: