Ադրբեջանի իշխանությունների կողմից Հայաստանին հանձնված Կարեն Պետրոսյանի հուղարկավորությունը կկայանա օրերս: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Արմեն Գրիգորյանն ասաց, որ նրա մարմինն այժմ գտնվում է դիահերձարանում եւ իրենց բժշկի հետ կայցելեն, կզրուցեն դիահերձող բժշկի հետ, գնահատականներ տալուց առաջ կսպասեն փորձագետի եզրակացությանը:

Նա նշեց, որ Կարեն Պետրոսյանի գերեվարումից հետո ՄԻՊ-ը շատ հետեւողական է եղել եւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարին դիմում էր ուղարկել նրան վերադարձնելու հարցով: «Այժմ եւս հետեւողական ենք լինելու, ուշադրության կենտրոնում ենք պահելու հարցը, առաջնահերթ բժշկական փորձաքննություններ են, որոնց պատասխաններին պետք է սպասենք: Համապատասխան տեղեկատվության հավաքումից հետո ՄԻՊ-ը քայլեր կձեռնարկի եւ տեղյակ կպահվի հանրությանը»,-ասաց ՄԻՊ տեղակալը: Թե ինչի արդյունք էր այժմ Կարեն Պետրոսյանի մարմնի վերադարձը, Արմեն Գրիգորյանը հստակ չի կարող ասել, գուցե ՀՀ-ի եւ միջազգային հանրության կողմից տրված գնահատականներն են պատճառը, գուցե կա այլ պատճառ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանի իշխանությունները Հայաստանին են հանձնել Կարեն Պետրոսյանի մարմինը: Մարմնի հանձնումը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին՝ հայ-ադրբեջանական սահմանի Կայան շրջանում, ԿԽՄԿ-ի միջնորդությամբ:

ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը գերի էր ընկել օգոստոսի 7-ին: Օգոստոսի 8-ին Ադրբեջանը լուր էր տարածել գերու մահվան մասին՝ պատճառ նշելով «սրտային անբավարարությունը»: