Հակոբ Ինջիղուլյանի հետ տեղի ունեցածի օրինակով համաշխարհային հանրությունը հնարավորություն ուներ համոզվել ադրբեջանական քարոզչության բացահայտ ստի մեջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերի հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Գաբրիելյանը:
«Ավելի քան մեկ տարի ադրբեջանական քարոզչությունը մոլորեցնում էր ե՛ւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ե՛ւ միջազգային այլ կազմակերպիչների ներկայացուցիչներին՝ հարցը ներկայացնելով այնպիսի լույսի ներքո, իբր Հակոբ Ինջիղուլյանն ինքնակամ հայտարարել է, որ չի ցանկանում վերադառնալ եւ խնդրել է երրորդ երկրում ապաստան տրամադրել: Այն ժամանակ նույնպես մենք նշված կազմակերպությունների ներկայացուցիչների եւ միջազգային իրավագետների ուշադրությունն էինք հրավիրում այն հանգամանքի վրա, որ դա ոչ մի կերպ չի կարող ճշմարիտ լինել, եւ որ հայ զինծառայողի նկատմամբ հոգեբանական ու ֆիզիկական լուրջ ճնշում է գործադրվում: Զրկված լինելով ազատ կամարտահայտման հնարավորությունից՝ նա ստիպված է եղել մեկնել երրորդ երկիր: Սակայն հիմա ամբողջ աշխարհն ու հենց ադրբեջանական հանրությունը համոզվեցին ադրբեջանական քարոզչության լկտի ստի մեջ»,- ընդգծեց Աշխատանքային խմբի ղեկավարը:
Հիշեցնենք, որ ավելի քան մեկ տարի մնալով ադրբեջանական գերության մեջ՝ Հակոբ Ինջիղուլյանն ուղարկվել էր երրորդ երկիր, սակայն հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը վերադարձավ Հայաստան: Օդանավակայանում իրեն դիմավորող լրագրողներին Հակոբը հայտարարեց, որ գնդակահարության սպառնալիքի ներքո իրեն ստիպել են հայտարարել երրորդ երկիր մեկնելու ցանկության մասին: Հայաստան վերադառնալուց հետո Հակոբ Ինջիղուլյանը բժշկական հետազոտություն է անցել, որի արդյունքում պարզվել է, որ գերության մեջ գտնվելն ազդել է նրա առողջության վրա:
Ինջիղուլյանի դեպքը եւ երրորդ երկիր մեկնելուն հարկադրելու փորձերն ամենեւին էլ առաջինը չեն: Անցյալում հայրենիք վերադառնալուց հրաժարվելու մասին հայտարարելու փորձ է կիրառվել զինվոր Համբարձում Ասատրյանի նկատմամբ: Չնայած ադրբեջանական հատուկ ծառայությունների ջանքերին՝ երիտասարդը վերադարձավ հայրենիք, սակայն գերության ընթացքում քայքայված առողջական վիճակի պատճառով նա ազատվեց հետագա զինվորական ծառայությունից:




























