Ուկրաինայի հետ Ասոցացման մասին համաձայնագիրը կարող է ձեւափոխվել միայն կողմերի համաձայնության դեպքում: Այս մասին նշված է Եվրոպական միության արտաքին գործերի հանձնաժողովի հայտարարության մեջ:

Ավելի վաղ ԵՄ խորհուրդը պաշտոնապես հաստատել էր Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնությունը երկու փուլով կիրառելու վերաբերյալ որոշումը: Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ առեւտրի վերաբերյալ հատվածը կհետաձգվի մինչեւ 2016թ. հունվարի 1-ը, իսկ տեքստի մնացյալ հատվածն օրենքի ուժ կստանա նոյեմբերի 1-ին:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նամակին ի պատասխան՝ ԵՄ Խորհրդի նախագա Ժոզե Մանուել Բարոզուն հիշեցրել է, որ առեւտրային հատվածի կիրառման հետաձգումը կապված է ԱՊՀ երկրների ազատ առեւտրի արտոնյալ ռեժիմի շարունակման հետ: Քայլն արդեն համաձայնեցվել է ԵՄ-Ռուսաստան-Ուկրաինա նախարարական համատեղ հայտարարությամբ: Նա անհանգստություն է հայտնել՝ կապված ՌԴ կառավարության նոր որոշման հետ, որը նախատեսում է նոր առեւտրային սահմաններ Ուկրաինայի հետ:

Հիշեցնենք, որ Մինսկում Եվրասիական տնտեսական խորհրդի գագաթաժողովի նիստում հոկտեմբերի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Եվրամիության հետ Ուկրաինայի համաձայնագրի այդ դրույթների վերանայման հնարավորությունը, որոնց իրականացումը «կարող էր էական վնաս հասցնել Մաքսային միության եւ Ուկրաինայի միջեւ ավանդական տնտեսական կապերին»: