Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 10-ին երկրի բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ Ստեփանակերտ քաղաքում կազմակերպված տոնավաճառ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Բակո Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ նման տոնավաճառներն արդեն դարձել են ավանդական եւ նոր մշակույթ են ձեւավորում գյուղատնտեսական արտադրանքի ներկայացման ոլորտում:

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բացի այդ, Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի`աշխատանքում ձեռք բերած արդյունքների համար ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ պարգեւատրվել են «Երախտագիտություն» մեդալով: