ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամների լարված հարաբերությունների մասին լուրերն առաջին անգամ չէ, որ տարածվում են, տպավորությունը է, թե դրանք հետեւողականորեն են շրջանառվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ, պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:

Նա շեշտեց, որ լարված հարաբերությունների մասին տեղեկություններն ամենեւին էլ չեն համապատասխանում իրականությանը: «Պատվիրակության ղեկավարի եւ անդամների հարաբերությունները ուղղահայաց ենթակայության հարաբերություններ չեն, դրանք հորիզոնական են, այդպիսի խնդիր ընդհանրապես չկա: Ինչ վերաբերում է մնացած հանգամանքներին, պետք է ասեմ, որ ես մարդկային հարգանք ունեմ տիկին Նաղդալյանի նկատմամբ, ուստի ընդհանրապես նման պնդումները տեղին չեն, ոչ արհարամարհելու, ոչ խուսափելու խնդիր չկա»:

Նշենք, որ «Չորրորդ իշխանություն» թերթը գրում է, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ՀՀԿ-ական անդամների մեջ հարաբերությունները բավական սրվել են, իսկ պատճառը ԵԽԽՎ վերջին նիստում Հերմինե Նաղդալյանի արկածներն են:

Ինչպես պնդում են «ՉԻ» աղբյուրները, այդ պատմությունից հետո պատվիրակության ՀՀԿ-ական մյուս անդամները՝ Արփինե Հովհաննիսյանն ու Նաիրա Կարապետյանը, սկսել են բացահայտ կերպով չենթարկվել ու արհամարհել Հերմինե Նաղդալյանին՝ խուսափելով անգամ նրա հետ հարաբերվելուց:

Պատահական չէ, որ երեկ Նաղդալյանը եվրոպական իր արկածներին անդրադարձել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ Վրաստան մեկնած պատվիրակության կազմում ասուլիս տալիս, եւ ձախողումներն արդարացրել է Ադրբեջանի խավիարային դիվանագիտությամբ»։