Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տարածքում ՕԵԿ-ի կողմից կատարվող շինարարական աշխատանքները թեեւ արտաքուստ դադարեցված են, սակայն չի բացառվում, որ ներքին հարդարման աշխատանքներն ընթանում են: Այս մասին NEWS.am-ին ասաց համալսարանի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը:
«Այս պահին գործով դատավարությունն ընթանում է, վերջին դատական նիստին հրավիրվել էին քաղաքապետարանի եւ կադաստրի համապատասխան ներկայացուցիչները, որոնք սակայն խնդրեցին դատը հետաձգել՝ գործի նյութերին ծանոթանալու համար: Հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին: Մինչեւ դատական գործի ավարտը՝ մենք էլ քաղաքապետարանին ենք խնդրանքով դիմել, որ սահմանազատվեն մեր երկուսի տարածքները եւ այն 108 քառակուսի մետրը, որի վրա մենք պատրաստվում ենք գյուղմեքենաների լաբորատորիա կառուցել, առանց որեւէ խնդրի մեզ վերադարձնեն: Չենք ուզում, որ նորից միջադեպ լինի, այլ խաղաղ ճանապարհով այդ ցանկապատը հանի ՕԵԿ-ն ու տարածքը մեզ տա»,- ասաց Պարույր Էֆենդյանը:
Պրոռեկտորն այս խնդրանքով նաեւ օրերս գրավոր դիմել է ԱԺ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանին, սակայն դեռ պատասխան չի ստացել:
Հիշեցնենք, որ Ագրարային համալսաանի դասախոսները բողոքում են համասարանի նախկին լաբորատորիայի տարածքում ՕԵԿ-ի կատարած շինարարության դեմ: ՕԵԿ-ը վստահեցնում է, որ տարածքն իրենց է տրամադրվել 2008թ. քաղաքապետարանի որոշմամբ: Ագրարային համալսարանի անձնակազմի պնդմամբ՝ այդ որոշման մասին իրենք անտեղյակ են եղել, բացի այդ քաղաքապետարանը լիազորություն չուներ այդ տարածքը տրամադրելու:
Նշենք, որ օգոստոստին Ագրարայինի դասախոսները եւ ուսանողները բողոքի ցույցեր էին կազմակերպել շինհրապարակի մոտ, դրանցից մեկի ժամանակ հրելով շուռ էին տվել շինհրապարակը շրջապատող ցանկապատը:




























