Ադրբեջանում մեկնարկել է Գանլիգել լճի մոտակայքում տեղակայված տներից փախստականների վերաբնակեցման գործընթացը:
Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, դժգոհ տեղի բնակիչները այդ կապակցությամբ բողոքի ցույց են անցկացրել: Չնայած դժգոհություններին՝ շինարարական տեխնիկան շարունակում է ավիրել այդ ընտանիքների տները, ովքեր դեռ մեկ շաբաթ առաջ համաձայնել էին վերաբնակեցմանը:
Ընդհանուր առմամբ, իրենց տները համաձայնել են լքել մոտ 100 ընտանիքներ: Բաքվի գործադիր իշխանությունը Գանլիգել լճի մոտակայքում տեղակայված փախստականների եւ հարկադիր տեղահանվածների 350 տները տեղափոխելու որոշում էր կայացրել: Քաղաքապետարանը վերջիններիս բնակարաններ է առնաձնացրել Յասամոլսկի շրջանի նորակառույց շենքերում եւ փախստականներին պահանջել 4 օրվա ընթացաքում լքել իրենց տները:
Սակայն ավելի քան 300 ընտանիքներ հրաժարվում են լքել իրենց տները՝ բացատրելով այն հանգամանքով, որ իշխանությունների առաջարկված բնակարանները ավելի քիչ մակերես ունեն, քան Գանլիգել լճի մոտակայքում տեղակայված տները: Փախստականները նաեւ պահանջում են փոխհատուցում վճարել:
Ադրբեջանի Հանրապետության իշխանությունները փախստականների հարցը դիտարկում են՝ որպես ծանրակշիռ փաստարկ եւ միջազգային լսարանի առաջ ելույթներով ամեն կերպ ղարաբաղյան հակամարտության հետեւանքով մտացածին «միլիոն», նույնիսկ «1,5 մլն» թիվն են շրջանառում: Սակայն դա Ադրբեջանի իշխանություններին ոչ մի կերպ չի խանգարում վռնդել այդ փախստականներին իրենց տներից:




























