Հոկտեմբերի 11-ի՝ առավոտյան՝ ժամը 08։20-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Քանաքեռում՝ գնացքի գծերի մոտ, կա տղամարդու դիակ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ահազանգի հիման վրա անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ- քննչական խումբը:  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցի վրա գտնվող ռուսական զորամասի հարեւանությամբ՝ գնացքի գծերի մոտ, հայտնաբերվել է 25-30 տարեկան տղամարդու դի՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-քննչական միջոցառումներ՝  սպանված երիտասարդի ինքնությունը, սպանության հանգամանքները եւ առերեւույթ հանցագործություն կատարած անձին պարզելու ուղղությամբ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանում տղամարդու դիակ է հայտնաբեվել: Տղամարդու մարմինը գտել են Քանաքեռի Ծարավ Աղբյուր փողոցի մոտ, երկաթգծի տարածքում: Վերջինս հայտնաբերվել է գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Դիակի ինքնության մասին ոչինչ հայտնի չէ, հանգամանքները պարզվում են: Իրավակահները դեպքի վայրում օպերատիվ աշխատանքներ են իրականացնում: