«Էրեբունի-Երեւան 2796» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երեւան այցելած Կրասնոդարի քաղաքապետ Վլադիմիր Եվլանովի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Շնորհակալություն հայտնելով Երեւանի օրը միասին տոնելու հրավերն ընդունելու համար, որի շրջանակում նախորդ օրը երկու քաղաքապետերը ստորագրել են նաեւ Երեւանի եւ Կրասնոդարի միջեւ համագործակցության համաձայնագիր, Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ ըստ այդմ արդեն առաջիկայում գործնական ծրագրեր կիրականացվեն նաեւ Կրասնոդարի հետ. «Երեւանն այսօր փոխշահավետ համագործակցության իսկապես մեծ ներուժ ունի, եւ ես համոզված եմ, որ մեզ իրոք կհաջողվի ունենալ արդյունավետ համագործակցություն: Այս համատեքստում իսկապես կարեւոր քայլ եմ համարում Երեւանի եւ Կրասնոդարի միջեւ ակտիվ համագործակցություն ծավալելու համաձայնագրի ստորագրումը, ինչն, անշուշտ, լրացուցիչ խթան կհանդիսանա երկու քաղաքների բարեկամությունն առավել ամրապնդելու եւ այն նոր հիմքերի վրա դնելու համար», - նշել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով Երեւանի գործընկերոջը համագործակցություն հաստատելու առաջարկը սիրով ընդունելու եւ այն համաձայնագրի վերածելու, ինչպես նաեւ Երեւանի օրվան նվիրված տոնակատարություններին մասնակցելու հրավերի համար` Կրասնոդարի քաղաքապետ Վլադիմիր Եվլանովն իր հերթին վստահեցրել է, որ կանի հնարավորը, որպեսզի արդեն առաջիկայում նախանշված բոլոր ուղղություններով ծրագրերը գործնական ընթացք ստանան. «Վստահ եմ, որ մենք՝ Ձեզ հետ միասին, կարճ ժամանակ անց անպայման կարձանագրենք հաջողություններ երկու քաղաքների փոխշահավետ համագործակցության դաշտում: Երեւանը մեզ համար իսկապես հարազատ քաղաք է, ու համոզված եմ, որ մեր բարեկամությունն անպայման կվերաճի նաեւ վստահելի ու հեռանկարային գործընկերության, որի ներուժն առկա է այսօր թե՛ Երեւանում եւ թե՛ Կրասնոդարում: Ի դեպ, խոստովանեմ, պարոն քաղաքապետ, որ առաջին անգամ եմ Երեւանում եւ Ձեր հրաշք քաղաքն իսկապես գերել է ինձ ու մեր պատվիրակության բոլոր անդամներին: Ակնհայտ է, որ քաղաքի համաչափ զարգացման ուղղությամբ Դուք լուրջ եւ հետեւողական ծրագրեր եք իրականացնում, ինչն, անշուշտ, տպավորիչ է եւ ոգեւորող, որ մեր համագործակցությունը եւս կլինի արդյունավետ», - ընդգծել է Կրասնոդարի քաղաքապետն ու օգտվելով առիթից` պաշտոնապես հրավիրել է Երեւանի քաղաքապետին հյուրընկալվել Կրասնոդարում:
Հանդիպման շրջանակում կողմերը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կքննարկեն ստորագրված համաձայնագրով նախատեսված ուղղություններով գործնական քայլերի ժամանակացույցը:




























