Չեչնիայի Հանրապետության Գռոզնի շրջանի Պերվոմայսկի գյուղից 9 կմ այն կողմ 250 կգ-անոց ֆուգասային ավիառումբ է գտնվել (ՖԱԲ-250): Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է ՌԴ ԱԻՆ ԳՎ Չեչնիայի ներկայացուցիչ Թիմուր Թայսումովը:
«Դեպքի վայր է մեկնել ՌԴ ԱԻՆ ԳՎ օպերատիվ խումբը, որը պարզել է, որ գտնված արկը 250 կգ-անոց ֆուգասային ավիառումբ է», - նշել է Թայսումովը:
Ըստ նրա՝ ենթադրաբար ռումբը հողի տակ մնացել է շուրջ 20 տարի: Արկի վնասազերծման համար սպասում են Դոնի Ռոստովից մասնագետների ժամանմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Անվտանգության նկատառումներով վտանգավոր գտածոյին հարող տարածքը շրջափակել են ոստիկանները:
Սեպտեմբերի 23-ին համանման ռումբ էր գտնվել Գռոզնիի Լենինյան շրջանի մասնավոր տնատիրության տարածքում: Արկը վնասազերծվել էր զորավարժարանի տարածքում:




























