Երեւանի քաղաքապետի հրավերով «Էրեբունի-Երեւան 2796» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երեւան այցելած Ֆրանսիայի Վիեն քաղաքի քաղաքապետ Տիերի Կովակսի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Ողջունելով հյուրերին եւ շնորհակալություն հայտնելով Երեւանի օրը միասին տոնելու հրավերն ընդունելու համար՝ Տարոն Մարգարյանը նկատել է, որ Վիենի քաղաքապետի այցը նաեւ հրաշալի առիթ է երկու քաղաքների միջեւ գործընկերային կապեր հաստատելու համար. «Ֆրանսիական մի շարք քաղաքների հետ Երեւանն այսօր համագործակցում է սերտորեն, որի արդյունքում իրականացվել ու իրականացվում են համատեղ բազմաթիվ կարեւոր ծրագրեր: Ֆրանսիական գործընկեր քաղաքների հետ մեր սերտ համագործակցությունը շոշափելի արդյունքներ է տվել տեղական ինքնակառավարման, տնտեսական զարգացման, զբոսաշրջության խթանման եւ քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում, ինչը նաեւ լրացուցիչ խթան է դառնում նորանոր ծրագրերի քննարկման ու դրանք կյանքի կոչելու համար»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ այս առումով Երեւանն ու Վիենը եւս կարող են ունենալ որոշակի փոխգործակցություն:

Վիենի քաղաքապետ Տիերի Կովակսն էլ իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ հրավերի համար, առանձնակի կարեւորել է երկու քաղաքների միջեւ գործընկերային հարաբերություններ ձեւավորելու Երեւանի քաղաքապետի պատրաստակամությունը. «Երեւանում գտնվելն իսկապես հաճելի է, եւ պետք է խոստովանեմ, պարոն քաղաքապետ, որ արդեն հասցրել եմ հաճելիորեն զարմանալ Երեւանի գրավիչ արտաքին տեսքով ու զարգացման տեմպերով: Ընդ որում, սա արդեն իմ երրորդ այցն է Երեւան, ու կարող եմ վստահաբար ասել, որ ամեն անգամ Ձեր քաղաքը տեսնում եմ ավելի բարեկարգ խնամված ու հարմարավետ: Եվ թեկուզ հենց այս տեսանկյունից մեզ համար իսկապես կարեւոր է որոշակի ոլորտներում գործընկերային հարաբերություններ հաստատել Երեւանի հետ ու երկուստեք հաջողված փորձի փոխանակումներ ունենալ»,- նշել է Տիերի Կովակսը:

Հանդիպման շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարեւորել է նաեւ Վիենի հայազգի երկու փոխքաղաքապետերի մասնակցությունը Երեւանի տոնին ու համոզմունք է հայտնել, որ նրանք եւս իրենց նպաստը կբերեն Երեւանի եւ Վիենի արդյունավետ համագործակցության ձեւավորման հարցում: