ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն» կուսակցությունների առաջնորդներն իշխանափոխություն չեն անելու, պարզապես պատրաստվում են առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին: Այսօր` հոկտեմբերի 11-ին, լրագրողների հետ զրույցում եռյակի հանրահավաքն այսպես մեկնաբանեց քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:

«Երեկվա ելույթները վկայում են, որ այս գործընթացներն ուղղված են 2017-2018 թթ. ընտրություններին: Ակնհայտ էր, որ ոչ մեկը ժամանակի առումով չի շտապում: Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսեց երկարատեւ պայքարի մասին, Րաֆֆի Հովհաննիսյանը նույնպես, Գագիկ Ծառուկյանի ելույթ չունենալն էլ է խոսում այն մասին, որ ինքն էլ չի շտապում եւ այժմ իշխանափոխություն չեն անելու: Սա մի բան է նշանակում, որ իրենք չեն կարծում, որ երկիրը կործանվում է»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Նրա խոսքով` մտահոգիչ էր նաեւ արտաքին քաղաքականության խնդիրներին չանդրադառնալը. «Ինձ մտահոգում է, որ ԵՏՄ-ին Հայաստանի ստրկացման օրով հայտարարվում է, որ իրենք առաջիկա ամիսներին էլ չեն խոսելու արտաքին քաղաքականության խնդիրներից: Իսկ եռյակի հանրահավաքի ուղերձը սա էր. Մենք եկել ենք ասենք, որ մենք սկսում ենք շարժում, որի մասին մենք հետագայում կխոսենք: Սա նշանակում է, որ միասնական օրակարգ չունեն»:

Նշենք, որ եռյակի հանրահավաքը տեղի ունեցավ հոկտեմբերի տասին Ազատության հրապարակում, որի ժամանակ քաղաքական ուժերի առաջնորդները հայտարարեցին, որ համաժողովրդական շարժում են սկսում: