ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախագահական ընտրություններին թեկնածությունն առաջադրելու մասին այսօր է խոսում Սահմանադրական բարեփոխումների պատճառով: Հոկտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարությունն այսպես մեկնաբանեց քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:

«Գագիկ Ծառուկյանը մինչեւ հանրահավաքը խոսեց այս մասին` ապացուցելով, որ այս եռյակի ամենավճռորոշ ֆակտորն ինքն է թե ֆինանսապես, թե կազմակերպչական, իսկ արտահերթ ընտրություններ էլ չեն լինելու, որովհետեւ ինքը մեծ ամբիցիաներ ունի 2018թ-ի հետ կապված: Գագիկ Ծառուկյանը ստիպված էր այդ մասին հիմա խոսել, որովհետեւ եթե Սահմանադրական բարեփոխումներ արվեն եւ անցնենք խորհրդարանական կառավարման համակարգի, ապա իր համար դա ձեռնտու չի լինի»,- ասաց վերլուծաբանը:

Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ Գագիկ Ծառուկյանն իր հայտարարությամբ նախագահ Սերժ Սարգսյանին ցանկանում էր փոխանցել, որ ինքն իրեն դիտարկում է թեկնածու եւ թող Սերժ Սարգսյանն իրեն թողնի իշխանությունը:

«Բացի դրանից` ԲՀԿ առաջնորդը պատրաստ է կոալիցիա կազմել այլ քաղաքական ուժերի հետ, իսկ այն, որ նրա հայտարարության վերաբերյալ ՀԱԿ-ը ոչ մի քննադատություն, մեղադրանք չարեց, խոսում է այն մասին, որ իրենց համար էլ է նախընտրելի Ծառուկյանի առաջադրումը»,- ավելացրեց վերլուծաբանը:

Նշենք, որ հոկտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ԲՀԿ առաջնորդն ասել էր. «Իմ մտքում կա 4-5 թեկնածու նոր նախագահի համար, որոնք արժանապատիվ մարդիկ են, եւ կարող են զարգացնել երկիրը. եթե հանրությունը, իմ գործընկերները  նրանցից մեկի թեկնածությունը պաշտպանեն, ես նրան կաջակցեմ: Իսկ եթե իմ թեկնածությունը դնեն, ես դրան էլ եմ պատրաստ: Պետությունը մի քանի ամսում կդրվի ճիշտ հիմքերի վրա: Մարդիկ դա կզգան իրենց առօրյայում: Այդ ժամանակ չեն լինի միանձնյա որոշումներ: Բոլոր կուսակցություններում կան անհատներ, որոնք շատ խելացի են, ազգի հարստությունն են, պիտի քննարկեն լսեն ու ճիշտ որոշում կայացնեն: Պիտի մարդիկ բարի լինեն լսելու, քննարկելու, որ ժողովուրդն իր վրա դա զգա»: