«Էրեբունի-Երեւան 2796» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երեւան այցելած Սանկտ-Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայայի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Երեւանի քաղաքապետարանում:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով հյուրերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար եւ բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանն ուղղված Սանկտ Պետերբուրգի կառավարության ջանքերը՝ մեկ անգամ եւս շեշտել է, որ Երեւանը բաց եւ պատրաստակամ է քննարկելու փոխշահավետ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված նոր առաջարկներ եւ նախաձեռնություններ. «Մեր փոխգործակցությունն այսօր զարգանում է 2011-2014թթ. համագործակցության ծրագրի շրջանակում, եւ հաշվի առնելով ստեղծված աշխատանքային խմբերի փոխհամաձայնեցված եւ արդյունավետ աշխատանքը՝ վստահ եմ, որ մենք կունենանք այն արդյունքները, որոնք նախանշել ենք: Համոզված եմ նաեւ, որ մեր այս հանդիպումը եւս գործնական նոր որակ կհաղորդի Երեւանի եւ Սանկտ Պետերբուրգի միջեւ կառուցողական ծրագրերի իրականացմանը»,- ընդգծել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար եւ փոխանցելով նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի ջերմագին ողջույնները՝ փոխնահանգապետ Օլգա Կազանսկայան նախ շնորհավորել է Տարոն Մարգարյանին Երեւանի օրվա կապակցությամբ, ապա նշել, որ Երեւանի հետ հարաբերությունները Սանկտ Պետերբուրգի համար առանձնակի կարեւորված են, ու ակնհայտ է, որ երկու քաղաքների փոխգործակցությունն իսկապես մեծ ներուժ ունի. «Երեւանը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի համար կայուն եւ վստահելի գործընկեր է, եւ մենք կարեւորում ենք երկուստեք փոխգործակցության ընդլայնումը: Վստահեցնում եմ, պարոն քաղաքապետ, որ Երեւանը մեզ համար հարազատ է ոչ միայն որպես բարեկամ, այլ նաեւ որպես գործընկեր քաղաք, եւ մենք բարձր ենք գնահատում կառուցողական գործընկերային այն մթնոլորտը, որն առկա է մեր հարաբերություններում: Մենք միշտ մեծ սիրով ենք մասնակցում Երեւանի օրվան նվիրված տոնակատարություններին ու վստահ ենք, որ հերթական անգամ հրաշալի տպավորություններով ենք վերադառնալու Սանկտ Պետերբուրգ»,- նշել է Օլգա Կազանսկայան: