Երեւանի «Վերարտադրողական առողջության, պերենտոլոգիայի մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ի գինեկոլոգիայի բաժանմունքում հոկտեմբերի 9-ի վաղ առավոտյան 26-ամյա կին է մահացել, որը 20 օր առաջ էր ծննդաբերել: NEWS.am-ի հետ զրույցում գինեկոլոգիայի բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը պատմեց դեպքի մանրամասները:
«Կինը ծննդաբերել է սեպտեմբերի 21-ին կեսարյան հատման միջոցով, ամսի 24-ին դուրս է գրվել հիվանդանոցից, վիճակը նորմալ էր, սակայն ամսի 27-ին նորից ընդունվել է հիվանդանոց, որովհետեւ ջերմություն ուներ, աղիները լավ չէին գործում: Մեզ մոտ նա բուժում է ստացել, վիճակը նորմալացել էր, քայլում էր, մայրը մոտն է եղել, դեպքի օրը պետք է արդեն դուրս գրվեր: Վաղ առավոտյան վատ է զգացել, գնացել է սանհանգույց, հետ եկել, պառկել անկողնում ու միանգամից կապտել: Բժիշկներն արագ արձագանքել են, սակայն ուշ է եղել»,- ասաց Ռազմիկ Աբրահամյանը:
Բժշկի խոսքով՝ ինքն անմիջապես ահազանգել է քննչական մարմիններին, այս պահին նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: Թե որն է եղել մահվան պատճառը, Ռազմիկ Աբրահամյանը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ հնարավոր է սրտային սուր անբավարարություն է ունեցել:
Ինչ վերաբերվում է փոքրիկին, ապա նրա վիճակը գնահատվում է բավարար:





























