Վարչախումբը եւ դեկորատիվ ընդդիմությունը գործում են որպես տանդեմ ու ձեռք ձեռքի տված մարդաթափ են անում Հայաստանը եւ օտարին են հանձնում նրա ինքնիշխանությունն ու Արցախը: Այս մասին հայտարարություն է տարածել «Նախախորհրդարանը»:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Օտար տերերի սցենարով մշակված այս ծրագիրը վարչախումբը իրագործում է որպես կատարող, իսկ «ընդդիմությունն» ըստ ամենայնի աջակցում է նրան:

Այդ երկուսի վերնախավը կազմող քաղաքական գործակալների թիմն ի սկզբանե գործել է միասնաբար:

Այդ թիմն էր, որ ԽՍՀՄ-ի փլուզմամբ ձեռք բերած մեր պետականությունը վերածեց Ռուսաստանի եւ մյուս աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների շահերը սպասարկող գործիքի, իսկ Արցախի հարցի լուծման ճանապարհը շեղեց Հայաստանի հետ վերամիավորվելու բնականոն ուղուց եւ տարավ դեպի «անկախացում», դրանով իսկ Արցախը վերածելով այդ ուժային կենտրոնների պատանդի:

Հանուն անձնական եւ կլանային մանր շահերի օտարի աջակցությամբ մեր երկիրը բռնազավթած այս քաղաքական գործակալներն իրենց իրական էությունն ամբողջովին բացահայտեցին 2014 թ. հոկտեմբերի 10-ին կատարած քայլերով:

Այսօր արդեն տեսնում ենք, որ նրանց ջանքերով խորհրդառուսական գերությունից նորգաղութային կախյալության վիճակի մեջ հայտնված մեր երկիրը Եվրասիական Տնտեսական Միությանը (ԵՏՄ) կցվելու միջոցով վերստին ենթարկվում է դասական գաղութացման, իսկ Արցախը մաքսակետի միջոցով տարանջատվում ու մեկուսացվում է Հայաստանից, որպեսզի գաղութարարը կարողանա իրեն հարմար տարբերակով այն զոհաբերել հանուն ռուս-թյուրքական հերթական սիրախաղի:

Մեր երկիրը կերակրատաշտի վերածած եւ դրա համար պայքարում իրար հակառակորդ, սակայն իրենց հրեշավոր ծրագիրն իրականացնելիս միասնաբար գործող այս ազգադավ տանդեմի նպատակն է ընկճել ժողովրդի ոգին եւ խափանել նրա ընդհանրական քաղաքական կամքի, մտքի եւ ծրագրերի ձեւավորումն ու գործադրումը:

Գործելով միասնական ծրագրի համաձայն, վարչախմբի պարագլուխն այդ օրը ստորագրում էր Հայաստանի ինքիշխանությունն ու Արցախը ռուս-թյուրքական նորօրյա դաշինքը մարմնավորող ԵՏՄ-ին զոհաբերելու պայմանագիրը, իսկ «ընդդիմությունը» ձգտում էր քաղաքական աճպարարությամբ խլացնել այդ դավաճանությունը եւ մոլորեցնել արմատական փոփոխություների կարոտ մեր ժողովրդին:

Մինչդեռ միայն այն հանգամանքը, որ այդ պայմանագիրը, խախտելով միջազգային իրավունքի սահմանները, դրանից անդամ պետության դուրս գալը պայմանավորում է բոլոր մյուս անդամների համաձայնությամբ, պետք է դառնար համազգային ընդվզման անհրաժեշտության ահազանգ:

Մեր ժողովրդի ոգուն ու իրական ուժին անծանոթ այս ստրկամիտների թիմն այնքան է լկտիացել, որ «ընդդիմության տիտանի» բերանով Ազատության հրապարակի բարձր բեմից ազդադարում է մեր ազատության մահավճիռը եւ պահանջում, որ իր տնօրինմանը հանձնենք մեր կամքը եւ գիտակցությունը:

 Ըստ այս թիմի դավադիր տրամաբանության՝ դեպի ԵՏՄ կոչվող ռուս-թյուրքական զնդանը մտնելու գործընթացն անշրջելի է, իսկ մեր ժողովուրդն ազգային պետություն կառուցելու եւ Արցախը պահպանելու փոխարեն ընդամենը պետք է հաշտվի արյունաքամ լինելով մեռնելու մտքին ու հնազանդ ամբոխի նման ենթարկվի նրա դատարամիտ հրահանգներին:

Նախախորհրդարանը փաստում է, որ վարչախմբի եւ «ընդդիմության» իբրեւ թե լավ մտածված ու քողարկված ծրագիրն այլեւս հայտնի է մեր ժողովրդի մեծամասնությանը, իսկ նրա դեռեւս մոլորված հատվածն այդ մասին շատ շուտով կտեղեկանա:

Նախախորհրդարանը փաստում է նաեւ, որ վարչախմբի եւ «ընդդիմության» միասնական գործողությունները թեեւ ժամանակավորապես որոշակիորեն դժվարացնում են երկիրն ազատագրելու, տականքից մաքրելու եւ ազգային պետություն կառուցելու ծրագիրը, սակայն ի վերջո նպաստավոր են այն պարզ պատճառով, որ բացում են ժողովրդի աչքերն ու ցույց տալիս բոլոր իրական հակառակորդներին:

Նախախորհրդարանը, խորապես հավատալով մեր ժողովրդի ազատատենչ ոգուն, անկոտրում կամքին եւ իմաստուն մտքին, համոզմունք է հայտնում, որ.

1. Հայաստանը ԵՏՄ-ին կցելու միջոցով գաղութացնելու ծրագիրը նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում ի սկզբանե ձախողված է թեկուզ այն պատճառով, որ այդ ծրագիրն ինքնին մեռելածին է,

2. միեւնույն ժամանակ՝ կարճաժամկետ հեռանկարում այս ծրագրից բխող գոյութենական վտանգների հաշվառմամբ, ազգային ազատագրական պայքարն այսուհետեւ ծավալվելու է դասական գաղութացումից ազատագրվելու ուղղությամբ՝ հարկ եղած դեպքում կիրառելով դրան բնորոշ զինանոցի մեթոդներ եւ միջոցներ,

3. Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին՝ 2015 թ. ապրիլի 24-ին, մենք անշրջելիորեն մտնելու ենք վարչախմբից եւ դեկորատիվ ընդդիմությունից ազատվելու, ներքին տականքին պատասխանատվության ենթարկելու եւ երկիրն ապագաղութացնելու գործընթացի մեջ,

4. միջազգային իրավունքին եւ մեր ազգային շահերին հակասող Կարսի եւ Մոսկվայի հայադավ պայմանագրերի ոգով եւ ոճով կազմված ԵՏՄ պայմանագիրն իր նախորդների հետ միասին նետվելու է պատմության աղբանոցը:

Մենք ենք տերը մեր երկրի: