ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր մասնակցել է Հայաստանում առաջին անգամ անցկացվող Գյուղական կյանքի եւ ավանդույթների փառատոնին:
Գյուղնախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջոցառումը կազմակերպել էր Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Փառատոնին, որի նպատակն էր նպաստել Հայաստանում կայուն գյուղատնտեսության զարգացմանը եւ աջակցել հայ գյուղացիներին ներկայացնել իրենց արտադրանքը, մասնակցում էին ֆերմերային խմբեր ու գյուղատնտեսական ոլորտի ձեռներեցներ Հայաստանի բոլոր մարզերից: Հայ գյուղատնտեսները փառատոնին ներկայացել են հանրապետությունում արտադրվող գյուղմթերքի ողջ բազմազանությամբ:
«Պատահական չէ, որ այս հրաշալի փառատոնը կազմակերպվել է հոկտեմբեր ամսին: Հանրապետությունում ավարտին է մոտենում գյուղատնտեսական տարին, եւ նման միջոցառումը հրաշալի հնարավորություն է հայ գյուղացու ողջ տարվա կատարված աշխատանքի արդյունքները ներկայացնելու համար»,– իր բացման խոսքում նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
Նախարարը նաեւ համոզմունք է հայտնել, որ այս փառատոնը այսուհետեւ կլինի շարունակական եւ աստիճանաբար կընդլայնի իր շրջանակները` ընդգրկելով հանրապետության բոլոր մարզերը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության գյուղատնտեսության գծով ատաշե Ջոն Բարքերն, իր հերթին, առաջարկել է, որպեսզի այս միջոցառումը դառնա ամենամյա եւ նշվի որպես Բերքի տոն:





























