Լոռու մարզում ապրիլի 21-ից անհետ կորած 77-ամյա Վլադիմիր Մկրտչյանի որոնողական աշխատանքները շարունակվում են: Այս մասին NEWS.am-ին ասաց անհետ կորածի բարեկամ Վարդան Մկրտչյանը:

«Ոնց որ համբարձված լինի, չենք կարողանում գտնել, ոչ մի հետք, նշան չկա, չենք հասկանում, թե ինչ է կատարվել այդ մարդու հետ: Որոնումները շարունակում ենք, տարբեր գուշակների ենք դիմել, բայց ոչ մի արդյունք, բոլորը խաբում են մեզ»,- ասաց Վարդան Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ 77-ամյա ծերունու ընտանիքն արդեն վերադարձել է Օդեսա:

Նշենք, որ 77-ամյա Վլադիմիր Մկրտչյանը 2014թ.-ի գարնանն էր Հայաստան վերադարձել ու ապրիլի 21-ին գնացել էր Լոռու մարզի Սվերդլով գյուղ՝ ծնողների շիրիմին այցելության եւ մանկությունն անցկացրած տարածքներում շրջելու, որից հետո անհետացել էր: