Փաստաբանները չեն լռելու եւ ձեռնարկելու են որոշակի քայլեր, որպեսզի թույլ չտան Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանից ներկայացվելիք դատավորների մրցույթում տեղի ունեցած ապօրինությունը շարունակվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը, ով չցանկացավ բացահայտել, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու:
Նա շեշտեց, որ մրցույթը կրել է ձեւական բնույթ եւ բացի դրանից՝ մրցույթի ընթացքը ցույց տվեց, որ որոշ թեկնածուների նկատմամբ կար հատուկ վերաբերմունք: «Օրինակ՝ Վահե Գրիգորյանին տրվող հարցերը ակնհայտ երեւում էր, որ բարդություն էին իրենցից ներկայացնում, բայց մրցույթը ցույց տվեց, որ նա այն թեկնածուն էր, որ անվերապահ պետք է գտնվեր առաջին տեղում, մինչդեռ մրցույթի արդյունքում նա հայտնվեց 4-րդ տեղում: Մրցութը օբյեկտիվ չէր, ձեւական բնույթ էր կրում եւ անհասկանալի է, թե ինչ չափանիշներով են գնահատել, որ Արմեն Հարությունյանը հայտնվել է առաջին տեղում, երբ իր հարցազրույցի ժամանակ շատ ավելի թույլ էր, քան Վահե Գրիգորյանը»,-ասաց փաստաբանը:
Լուսինե Սահակյանը շեշտեց, որ արտաքին շղարշ էին ստեղծել, թե իբր մրցույթ են անուն, բայց առկա էին ընթացակարգային խախտումներ, հանձնաժողովի կազմը եւս խնդրահարույց էր, քանի որ այդտեղ գտնվող անձինք չէին կարող օբյեկտիվ գնահատել թեկնածուներին եւ իհարկե նրանք չէին կարող Վահե Գրիգորյանին առաջին տեղում տեսնել: «Ակնհայտ էր, որ նրանց թեկնածուն Արմեն Հարությունյանն էր, Արա Ղազարյանին ներգրավելով այդ եռյակում՝ ուղղակի իմիտացիա ստեղծեցին, թե օբյեկտիվ են գնահատել եւ օբյեկտիվ ցուցակ են ներկայացնելու նախագահին»,-ասաց փաստաբանը: Լուսինե Սահակյանը շեշտեց, որ հասարակությունը իրավունք չունի լռելու, քանի որ մեծ հույսեր են կապում ՄԻԵԴ-ի հետ, այդ առումով մեծ նշանակություն ունի, թե ով կլինի Հայաստանի դատավորը:
Նրա խոսքով՝ եթե մենք ընդհանրապես հույսներս չենք կտրում ՄԻԵԴ-ից, պետք է պայքարել, որ Հայաստանի դատավորը լինի այն անձը, որը կարող է իրականում լինել անկախ, ակնհայտ է, որ այն թեկնածուն, որին ցանկանում են, որ դառնա ՄԻԵԴ դատավոր, չի կարող անկախ լինել: «Մենք չենք լռելու, հանրությունը, փաստաբանները իրենց խոսքը պետք է բարձրացնեն եւ քայլեր ձեռնարկեն, մեր միակ փաստաբան թեկնածուն, որը անվերապահորեն պետք է առաջին տեղում գտնվեր, փաստացի հայտնվել է 4-րդ տեղում եւ ցուցակում չի հայտնվել, ուստի մենք լռելու իրավունք չունենք: Եթե նախորդ դատավորի ընտրության ժամանակ մենք լռել ենք, տարիները ցույց տվեցին, որ հասարակությունը սխալվել է, որ լռել է եւ դրա պատճառով է, որ այսօր իրավիճակը այնպիսին է, ինչպիսին կա ՄԻԵԴ-ում, մենք ակնհայտորեն հասկանում ենք ՄԻԵԴ-ում դատավորի դերը եւ դրա համար պայքարելու ենք»,-եզրափակեց Լուսինե Սահակյանը:
Նշենք, որ ՄԻԵԴ-ում Հայաստանից կներկայացվեն դատավորի 3 թեկնածու՝ Արմեն Հարությունյան, Արա Ղազարյան եւ Նելիկ Հարությունյան, որոնցից կընտրվի մեկը: Խնդիրն այն է, որ 3-րդ տեղը զբաղեցրած Վիգեն Քոչարյանը հավաքել է 81,2շ միավոր, սակայն նրա փոխարեն հանձնաժողովը անցկացրել է 8-րդ հորիզոնականը զբաղեցրած Նելիկ Հարությունյանը՝ 58,05 միավորով՝ պատճառաբանելով սեռերի ներկայացվածության սկզբունքը:




























