Նոյեմբերի 5-ի գործով առաջին դատական նիստից առաջ՝ հունիսի 12-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի մոտ 5 ոստիկանների վիրավորած, ապա կալանավորված Հայկ Կյուրեղյանի գործով նախաքննություն ավարտվել է, եւ գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Կյուերղյանի փաստաբան Արա Զաքարյանը։
«Կյուրեղյանի գործով նախաքննություն ավարտվել է, եւ դատարանում է գործն արդեն, այլ մանրամասների մասին դեռ չեմ ցանկանում բարձրաձայնել»,-ասաց նա։
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ նախաքննական մարմինը խստացրել է Կյուրեղյանի մեղադրանքը՝ վերաորակելով 258 հոդվածից 316-ի 2-րդ մաս՝ այսինքն խուլիգանությունից՝ ոստիկանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալը:
Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 12-ին մեկնարկող Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել դատարանի բակում։ 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կանգնել է մեքենայի վրա՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին եւ կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով մի քանի ոստիկանի։ Ոստիկաններին հաջողվել էր նրան վնասազերծել ու տանել ոստիկանություն։ Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, Հայկ Կյուրեղյանը կալանավորված է:





























