Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում տեղի ունեցած պայթյունը գազի արտահոսքի հետեւանք էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լիճքի գյուղապետ Գնել Գրիգորյանը:

Նա նշեց, որ գազի խողովակը անցնում է խանութի դիմացով, այն վնասվել էր, գազի արտահոսք էր եղել: «Գազը անցել, խանութի մեջ է լցվել, աշխատողը մտել է, որ սուրճ դնի, լուցկին վառել է, տրաքել է, մթերքը վնասվել է, պատուհանները դուրս են եկել, սառնարանները եւս դուրս են շպրտվել, տուժել են աշխատողը եւ այդ պահին խանութում գտնվող մի հաճախորդ»,-ասաց գյուղապետը:

Իսկ Ճառագայթային բժշկության եւ այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի ղեկավար Նորայր Դավիդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երկու տուժողներն էլ գտնվում են Վերակենդանացման բաժանմունքում, այրվածքներ ունեն ձեռքերին, ոտքերին եւ մարմնի տարբեր մասերում, դրանք 2-3-րդ աստիճանի են: Տնօրենն ասաց, որ վիրավորների գիտակցությունը տեղն է, առաջնահերթ պետք է նրանց հանել այդ շոկային վիճակից, առայժմ վիրահատման հարց չկա դրված:

Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԻՆ-ում հոկտեմբերի 11-ին, ժամը 09.00-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում տեղի է ունեցել պայթյուն. կա տուժած: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ս. Ս.-ին պատկանող Ա2 թաղամասի 12-րդ փողոցի 1/4 հասցեում գտնվող մթերային խանութում տեղի է ունեցել պայթյուն: Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ 28-ամյա Վ. Բ.-ն եւ 40-ամյա Ս. Մ.-ն, ստանալով տարբեր աստիճանի այրվածքներ, հոսպիտալացվել են Մարտունու ԲԿ, այնուհետեւ Ճառագայթային բժշկության եւ այրվածքների հանրապետական գիտական կենտրոն: Բժիշկները Վ .Բ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ս. Մ-ինը՝ կայուն ծանր: