Ավստրիայից երկու երիտասարդ աղջիկներից մեկը, ով ուղեւորվել է Սիրիա՝ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը միանալու համար, «հիասթափվել են» իրենց գաղափարից եւ հիմա ցանկանում են վերադառնալ հայրենիք: Նրա ընկերուհին նույնպես գոհ չէ նոր կենսակերպից, սակայն առայժմ չի պատրաստվում վերադառնալ ծնողների մոտ:
Ավստրիական լրատվամիջոցների տեղեկացմամբ, 17-ամյա Սամրա Կեսինովիչն ու 15-ամյա Սաբինա Սելիմովիչը ծայրահեղական հայացքներով տարվել են Վիեննայի մզկիթներից մեկն այցելելուց հետո: Տեղի հոգեւորականները «բացատրել են, որ նրանց ապրելակերպը չարիք է»: Ավելին, մզկիթի հոգեւորականներն աղջիկներին համոզել են մեկնել Սիրիա:
Ըստ Russia Today-ի, 2014 թվականին Զատկի տոնից որոշ ժամանակ անց Սամրան եւ Սաբինան հավաքել են իրերն ու հեռացել տանից: Աղջիկները մեկնել են Թուրքիա, որտեղ էլ հատել են Սիրիայի հետ սահմանը: Ծնողներին թողած նամակներում աղջիկները խնդրել են իրենց չփնտրել:
Ամեն դեպքում, ավստրիական Österreich պարբերականի փոխանցմամբ, աղջիկներն արդեն կապ են հաստատել ծնողների եւ ընկերների հետ ու պատմել, որ «հիասթափված են» նոր կենսակերպից: Սամրան ու Սաբինան նաեւ տեղեկացրել են, որ Սիրիայում գտնվելու ընթացքում ամուսնացել են ահաբեկիչների հետ եւ հիմա հղի են:
Սամրան ցանկություն է հայտնել վերադառնալ հայրենիք՝ ծնողների մոտ, իսկ Սաբինան հայտարարել է, որ «առայժմ պատրաստ չէ Ավստրիա վերադառնալ»:
Ավստրիական պաշտոնատար անձինք առայժմ չեն կարողանում հաստատել թերթի տեղեկությունը: Սակայն երկրի ՆԳՆ-ում նշել են, որ աղջիկների վերադարձը բավական խնդրահարույց կլինի:




























