Ամերիկյան IREX հասարակական կազմակերպության որոշումը՝ դադարեցնել իր գործունեությունն Ադրբեջանում՝ այդ երկրի իշխանությունների կողմից ճնշումների պատճառով, վնաս կհասցնի Ադրբեջանում ժողովրդավարության առաջընթացին: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը:

Հայտարարությունում նշվում է, որ Վաշինգթոնը բարձր է գնահատում IREX-ի ջանքերը անկախ, պրոֆեսոինալ լրատվամիջոցների աջակցության եւ մարդկանց միջեւ շփումներ հաստատելու հարցում: «Ադրբեջանում IREX-ի գրասենյակի փակումը հարված կլինի այդ կարեւոր ջանքերին»,- հայտարարել են պետքարտուղարությունում:

ԱՄՆ պաշտոնատար անձինք «հասկանում են», որ IREX-ը նման որոշում է կայացրել «Ադրբեջանի կառավարության կողմից ճնշումներից հետո», ներառյալ «ոստիկանության շրջայցը կազմակերպության գրասենյակ»:

Հիշեցնենք, որ IREX-ը Ադրբեջանում իր գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարել է սեպտեմբերի 30-ին: