Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ սեպտեմբերին սպառողական գների ինդեքսը տարեկան կտրվածքով կազմել է 101.5%: Ընդ որում, պարենային ապրանքների մանրածախ գներն աճել են միջինը 0.9%-ով: Նման «աճը» կարելի է բացատրել միայն այն հանգամանքով, որ մեզ մոտ գներն առանց այն էլ արդեն շատ բարձր են, իսկ բնակչության վճարունակությունը, ընդհանուր առմամբ, ցածր է:
2003-2013 թվականների ընթացքում Հայաստանում սպառողական գներն աճել են միջինը 72.6%-ով: Այդ շա՞տ է, թե՞ քիչ: Եթե համեմատենք մի շարք «շատ աղքատ» երկրների հետ, որոնց հատուկ է քառատրոփ գնաճը, ապա այնքան էլ շատ չէ: Իսկ ահա զարգացած երկրների հետ համեմատությունն ակնհայտորեն մեր օգտին չէ. նշված ժամանակահատվածում եվրոգոտում գնաճը կազմել է 3.6 անգամից էլ պակաս, իսկ մեզ մոտ՝ շուրջ 20.2%:
Ամեն ինչից զատ՝ գլոբալիզացիան եւ արտաքին առեւտրի ընդլայնումն օբյեկտիվորեն նպաստում են գների հավասարեցմանը: Բայց, որպես կանոն, մի ուղղությամբ. ցածր գները ձգվում են դեպի բարձր նշաձողը: Այդպիսի գործընթացը, մասնավորապես, բնորոշ էր հետխորհրդային երկրներին, «շուկայական հարաբերությունների» անցումից հետո:
Երկարատեւ միտումները բացահայտելու համար մայրաքաղաքի հաշվետու սեպտեմբերի ցուցանիշները համեմատենք 2006 թվականի նույն ամսվա հետ, երբ վիճակագրությունը ներդրեց հետազոտվող գների ներկա համակարգը:
Նշված ժամանակահատվածում հացը թանկացել է 1.6 անգամ, տավարի միսը՝ ավելի քան 1.6 անգամ, խոզի միսը՝ 2.1 անգամ եւ ոչխարի միսը՝ 1.9 անգամ: Պանիրները թանկացել են միջինը 1.7 անգամ: Վատ իմաստով ռեկորդակիրներից է կարագը. միջին գներն աճել են 2.8 անգամ: Այս ցուցակը կարելի է շարունակել, քանի որ ապրանքների գերակշռող մասը թանկացել է նույն չափով:
Բայց կան եզակի բացառություններ: Օրինակ՝ հետազոտված ժամանակահատվածում սունկը 11%-ով էժանացել է: Զարմանալի է ծովախեցգետնի ձողիկների գնի դինամիկան. 245.8 դրամից այն իջել է 245.7 դրամի՝ մեկ տուփի համար: Սակայն հավաձայնեք, որ կյանքի համատարած եւ կտրուկ թանկացման ֆոնին նման բացառությունների մասին կարելի է հումորով նշել:





























