ԵԽԽՎ «Լեռնային Ղարաբաղում եւ գրավյալ այլ տարածքներում բռնության սրացումը» թեմայով զեկույցի նախագծի հետ կապված մենք արել ենք առավելագույնը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ, պատգամավոր Նաիրա Կարապետյանը:
Նա նշեց, որ դեռեւս ամռանը, երբ շրջանառության մեջ են դրվել հակահայկական գրությունները, ԱԳՆ-ի, մեր դեսպանությունների, Սփյուռքի եւ ԵԽԽՎ այլ երկրների մեր բարեկամ պատվիրակների հետ միասին սկսել են աշխատել դրանց չեզոքացման դեմ, օգտագործվել են բոլոր հնարավոր եւ անհնար միջոցները: «Ցավոք, մարդիկ ագահ են, ոմանք էլ այս կառույցն օգտագործում են սեփական շահերի համար, եւ արդյունքում այս փուլում կարծես թե հաղթեց ադրբեջանական լոբբինգը: Սակայն այս ամենը խիստ հարաբերական է: ԵԽԽՎ լիագումար նիստում, ապա եւ քաղաքական հանձնաժողովում պատվիրակության ղեկավար տիկին Նաղդալյանի բերած փաստարկները ծանրակշիռ էին, հիմնավոր եւ ինչը շատ կարեւոր է` իրավական տեսանկյունից անխոցելի: Իրոք, ԵԱՀԿ Մինսկի խումբն է միակ մարմինը, որ ճանաչվել է միջազգային բոլոր կառույցների եւ պետությունների կողմից, այդ թվում եւ Եվրամիության: Եվ այո, ԵԽԽՎ-ն չունի կոնֆլիկտներով զբաղվելու մանդատ»,-ասաց պատգամավորը:
Նաիրա Կարապետյանի խոսքով՝ քաղաքական հանձնաժողովում մեր պատվիրակությունը ներկայացված է 2 հոգով` հիմնական անդամը Հերմինե Նաղդալյանն է, նրան փոխարինում է ինքը: Եթե քվեարկելու իրավունք ունի միայն մեկը, ձայնի իրավունք` երկուսը: «Գիտեք, թե որքան պատասխանատու եւ դժվար է ելույթ ունենալ մի հանձնաժողովում, որը ղեկավարում է Ալիեւի ընկերուհի հույն Թեոդորա Բակոյանիսը, իսկ հանձնաժողովի աշխատանքները ուղղորդում է ադրբեջանական լոբբիստների կողմից: Սակայն այս պայմաններում մենք կարողացանք մեր տեսակետը ներկայացնել, բնականաբար տիկին Նաղդալյանի բերած փաստերից դժգոհ լոբբիաստները փորձեցին աղմուկ բարձրացնել, իսկ Ալիեւի ընկերուհին էլ փորձեց անջատել խոսափողը: Տիկին Նաղդալյանի ընդհատված ելույթի եզրակացությունը` զեկույցը չեղյալ անելու առաջարկը հնչեցրել եմ ես` օգտվելով ինձ հատկացրած 1 րոպեանոց ձայնի իրավունքից: Քվեարկության արդյունքները մեզ համար մեծ անակնկալ չէին, եւ տիկին Նաղդալյանը հնչեցրեց նախորոք քննարկված եւ համաձայնեցված քաղաքական որոշումը` բոյկոտել այս զեկույցի հետ կապված աշխատանքները: Պետք է նշեմ, որ սա բացահայտ անակնկալ էր եվրոպացիների համար, եւ ադրբեջանամետների հիասթափությանը անթաքույց էր»,-նշեց Նաիրա Կարապետյանը:Նա պատմեց, որ հայտարարությունից հետո իրենք ցուցադրաբար լքել են դահլիճը:
Անդրադառնալով համագործակցելու կամ բոյկոտելու խնդրին՝ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամը պարզաբանեց, որ իրենք գնացել են նաեւ համագործակցելու ճանապարհով Սարսանգի ջրամբարի զեկույցի նախապատրաստման աշխատանքների հարցում: Հենց սկզբից ինքը եւ Վահե Հովհաննիսյանը, իբրեւ սոցիալական հանձնաժողովի անդամներ, հանդիպել են զեկուցողին, ներկայացրել խնդիրը, զգուշացրել հնարավոր բարդությունների մասին: «Հետագայում ես ակտիվ կապի մեջ եմ եղել ամբողջ հանձնաժողովի հետ, զեկույցի ուրվագծի մեջ տեսնելով արդեն իսկ ադրբեջանական ձեռագիր` զգուշացրել եւ պայքարել եմ դրա դեմ: Սակայն, զեկուցողը կտրականապես հրաժարվում է բառապաշարից հանել «օկուպացված տարածքներ», «բռնազավթված», «հարկադրաբար ջրից զրկված» եւ այլ ադրբեջանահաճո բառակապակցությունները: Դատեք ինքներդ, թե ուր կտանի մեզ համագործակցության ճանապարհը»,-ասաց նա:
Նաիրա Կարապետյանը չարախոսություն եւ բացարձակ սուտ որակեց Հերմինե Նաղդալյանի խորհրդարանական եւ դիվանագիտական կարողությունների, պատվիրակության ներսում անհանդուրժողականության մթնոլորտի մասին լուրերը: Նա վստահեցրեց, որ ամբողջ ընթացքում պատվիրակությունը անց է կացրել տարբեր խորհրդակցություններ, ունեցել են դեպքերի զարգացման մի քանի սցենարներ, բոլորը կատարել են իրենց բաժին աշխատանքը: «Իհարկե, պատվիրակությունը կազմված է տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներից, ովքեր ունեն իրենց մոտեցումները տարբեր հարցերի շուրջ, բայց այսպիսի կարեւոր հարցեր ներկայացնելիս մենք փորձում ենք հանդես գալ մեկ ճակատով: Գոնե իշխանական հատվածում դա ստացված եմ համարում»,-հավելեց պատգամավորը:





























