Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երեւան 2796» միջոցառումներին մասնակցելու նպատակով Երեւան ժամանած ՌԴ Խանտի-Մանսիյսկի քաղաքապետ Վասիլի Ալեքսանդրովիչ Ֆիլիպենկոյի հետ:

Ողջունելով հյուրին եւ շնորհակալություն հայտնելով քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու հրավերն ընդունելու համար՝ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել Երեւանի ու ՌԴ քաղաքների, ինչպես նաեւ վարչական շրջանների միջեւ ձեւավորված բարեկամական եւ գործընկերային հարաբերություններն ու դրանց ընդլայնման հնարավորությունները. «Երեւանը բաց եւ պատրաստակամ է նոր կապեր հաստատելու եւ հընթացս դրանք գործնական փուլ տեղափոխելու հարցում: Ուրախ եմ, որ Երեւան կատարած Ձեր այս այցը կլինի նաեւ գործնական տեսանկյունից արդյունավետ, եւ ստորագրվելիք  մտադրությունների հուշագիրը նոր որակ կհաղորդի երկու քաղաքների միջեւ կապերի հաստատմանն ու ամրապնդմանը: Նաեւ համոզված եմ, որ այն մեզ արդյունավետ եւ ակտիվ փոխգործակցության հնարավորություն կտա ու արդեն առաջիկայում կկարողանանք քննարկել համատեղ կոնկրետ ծրագրեր», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: 

Վասիլի Ֆիլիպենկոն, շնորհակալություն հայտնելով հրավերի, ինչպես նաեւ ընդունելության համար, որը, իր հավաստմամբ, ավելի քան բարեկամական մթնոլորտում է անցնում, շնորհավորել է Երեւանի 2796-րդ տարեդարձը, ապա կիսվել մայրաքաղաքի մասին իր տպավորություններով ու վերահաստատել է Երեւանի հետ համագործակցության հարցում իրենց ցանկությունն ու շահագրգռվածությունը:

«Մեզ համար կարեւոր է Երեւանի պես գործընկեր ունենալը՝ հատկապես հաշվի առնելով, որ Խանտի-Մանսիյսկը ինքնավար շրջանի կենտրոնի կարգավիճակ ունի, եւ քաղաքի զարգացման ու կապերի ընդլայնման գործում առանձնահատուկ ներդրում ունեն տեղի հայերը: Վստահ եմ, պարոն քաղաքապետ, որ մեր քաղաքներն իսկապես փոխշահավետ համագործակցություն կծավալեն բազմաթիվ ոլորտներում»,- նշել է Վասիլի Ֆիլիպենկոն` հավելելով, որ առաջին անգամ Երեւանում գտնվելով՝ իսկապես տպավորված է:

Հանդիպման ավարտին Երեւանի եւ Խանտի-Մանսիյսկի քաղաքապետերը ստորագրել են երկու  քաղաքների միջեւ միջհամայքնային համագործակցություն հաստատելու մասին մտադրությունների հուշագիր, համաձայն որի՝ նախատեսվում է համագործակցություն ծավալել սոցիալ-տնտեսական զարգացման, բնակարանային-կոմունալ, զբոսաշրջության, փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ոլորտներում: Քայլեր կձեռնարկվեն նաեւ կրթամշակութային, սպորտային եւ առողջապահական հաստատությունների, ինչպես նաեւ առեւտրային ու ոչ առեւտրային կազմակերպությունների միջեւ կապերի հաստատման ու ընդլայնման ուղղությամբ: 

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ: