Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետի տեղակալ Գեորգի Սոլոմոնիայի գլխավորած պատվիրակության անդամների հետ, ովքեր Երեւան են ժամանել՝ մասնակցելու «Էրեբունի-Երեւան 2796» տոնակատարության միջոցառումներին:

Ողջունելով եւ շնորհակալություն հայտնելով հյուրերին հրավերն ընդունելու եւ տոնը միասին նշելու պատրաստակամության համար՝ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել հայ-վրացական դարավոր բարեկամությունն ու կարեւորել համագործակցության խորացումը:

«Լինելով հարեւան, գործընկեր ու քույր քաղաքներ՝ ուրախ եմ, որ այսօր Երեւանում եք եւ մեզ հետ տոնելու եք քաղաքի օրը: Միաժամանակ կարեւոր է տարբեր ոլորտներում երկկողմ գործընկերային կապերի ընդլայնումն ու զարգացումը: 2013-ի տարեվերջին Թբիլիսի կատարած այցիս ընթացքում բացեցինք Երեւանի պուրակը, ինչը մեր մայրաքաղաքների բարեկամության եւս մեկ վկայությունն է»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Գեորգի Սոլոմոնիան շնորհակալություն է հայտնել  ջերմ ընդունելության համար եւ Երեւանին ու երեւանցիներին ուղղված Թբիլիսիի քաղաքապետի շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է փոխանցել տոնի կապակցությամբ:

«Երեւանը մեզ համար կարեւոր գործընկեր է, եւ մենք շահագրգիռ ենք էլ ավելի զարգացնել  ձեւավորված երկուստեք գործակցային կապերը: Այդ առումով «Էրեբունի-Երեւանը» եւս մեկ հնարավորություն է քննարկելու համագործակցության խորացման հետագա քայլերը»,-նշել է Գեորգի Սոլոմոնիան եւ Թբիլիսիի քաղաքապետի անունից Տարոն Մարգարյանին հրավիրել է հոկտեմբերի վերջին այցելել Վրաստանի մայրաքաղաք՝ մասնակցելու քաղաքի օրվան՝ Թբիլիսոբային նվիրված միջոցառումներին: