Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երեւան 2796» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երեւանում գտնվող Ռիգա քաղաքի պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը:
Ողջունելով հյուրերին` Երեւանի քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել նրանց հրավերն ընդունելու եւ Երեւանի տոնին մասնակցելու համար՝ ընդգծելով, որ Երեւանի ու Ռիգայի միջեւ ձեւավորված բարեկամական ջերմ հարաբերությունները, տարեցտարի էլ ավելի ամրապնդվելով, լավ հիմք են դառնում եղբայրացման համաձայնագրով նախատեսված բոլոր ծրագրերը կյանքի կոչելու համար. «Երեւանի եւ Ռիգայի միջեւ բարեկամական եւ գործընկերային հարաբերությունների զարգացումը հիմնված է մեր երկրների եւ ժողովուրդների բարեկամության վրա, որի ապացույցն են վերջին տարիներին հաճախակի դարձած երկկողմ այցերը: Վստահ եմ, որ մենք կկարողանանք կյանքի կոչել Ռիգայում ստորագրված եղբայրացման մասին համաձայնագրով նախատեսված բոլոր կետերը եւ իրականացնել տարբեր ծրագրեր՝ ի բարօրություն մեր մայրաքաղաքների: Հուսով եմ, որ հերթական Ձեր այս այցից եւս տպավորված կվերադառնաք Ռիգա», - նշել է Տարոն Մարգարյանը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ռիգայի քաղաքային խորհրդի պատգամավոր, քաղաքային զարգացման կոմիտեի նախագահ Մաքսիմ Տոլստոյն իր եւ պատվիրակության անդամների անունից շնորհավորել է Տարոն Մարգարյանին Երեւանի օրվա կապակցությամբ եւ ընդգծել, որ երկու մայրաքաղաքների միջեւ առկա ջերմ հարաբերությունները հետզհետե կունենան փոխշահավետ նոր զարգացումներ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում. «Երեւանում, ինչպես միշտ, ընդունելությունն իսկապես ջերմ է, եւ յուրաքանչյուր անգամ մենք այստեղից հեռանում ենք հրաշալի տպավորություններով: Հենց երկու մայրաքաղաքների միջեւ ձեւավորված այս ջերմ ու բարեկամական հարաբերությունների արդյունքում է, որ մեր համագործակցությունը գնահատում ենք իսկապես հաջողված ու արդյունավետ»,- նշել է Մաքսիմ Տոլստոյը:




























