Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երեւան 2796» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երեւան այցելած ՌԴ Պսկով քաղաքի քաղաքապետ Իվան Ցեցերսկիի հետ: Ողջունելով գործընկերոջն ու շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար՝ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել Երեւանի եւ Ռուսաստանի Դաշնության մարզերի ու քաղաքների հետ հարաբերությունների ներկա մակարդակը. «Երեւանի քաղաքապետարանը մշտապես բաց է համագործակցության համար: Մեր լիազորությունների շրջանակում պատրաստ ենք նաեւ աջակցել քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացմանը, ինչը կնպաստի քաղաքների միջեւ կապերի էլ ավելի ամրապնդմանն ու երկկողմ համագործակցության ակտիվացմանը: Վստահ եմ՝ Երեւանը եւ Պսկովը նույնպես համագործակցության լայն հնարավորություններ եւ հեռանկար ունեն ինչպես քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում, այնպես էլ կառավարման հարցում փորձի փոխանակման առումով», - նշել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար եւ շնորհավորելով Երեւանի օրվա կապակցությամբ՝  Պսկովի քաղաքապետ Իվան Ցեցերսկին իր հերթին համոզմունք է հայտնել, որ առաջիկայում Երեւանի եւ Պսկովի միջեւ հարաբերություններն ավելի սերտ ու գործնական կդառնան. «Ինձ համար, պարոն քաղաքապետ, շատ հաճելի է գտնվել Երեւանում եւ Ձեզ հետ միասին տոնել մշակութային հարուստ ավանդույթներ ու 2796 տարվա պատմություն ունեցող քաղաքի օրը: Պետք է խոստովանեմ, որ հիացած եմ Երեւանի տոնական տեսքով ու մթնոլորտով եւ վստահ եմ, որ հրաշալի տպավորություններով եմ վերադառնալու: Քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում փորձի փոխանակումն ու փոխշահավետ ծրագրերի իրականացումն իսկապես անհրաժեշտություն է, եւ վստահեցնում եմ՝ մեզ համար շատ կարեւոր է Երեւանի նման գործընկեր քաղաք ունենալը»,- նշել է Իվան Ցեցերսկին: