Հայաստանն ու Սերբիան դիտարկում են վիզային ռեժիմը դյուրացնելու հնարավորությունը: Այս մասին հայտարարվեց Հայաստան Սերբիայի նախագահի երկօրյա այցի ավարտին կայացած երկու երկրների ղեկավարների ճեպազրույցում:
Սերժ Սարգսյանի խոսքով, Սերբիայի նախագահի առաջին պաշտոնական այցը Երեւան խորհրդանշական էր, քանի որ կայացավ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին: Նախագահը հաճույքով փաստեց, որ վերջին տարիներին բարձր մակարդակի այցերը բարի ավանդույթ են դարձել, որոնք վկայում են դարավոր բարեկամական հարաբերությունները շարունակելու մտադրության մասին՝ դրանք վերածելով ամուր միջպետական կապերի:
Անդրադառնալով Հայաստանի եւ Սերբիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ նախօրեին կայացած խաղին՝ Սերժ Սարգսյանը հույս հայտնեց, որ սպորտը կդառնա մրցակցության միակ հարթակը երկու երկրների միջեւ: «Երկուսս էլ դժվարությամբ էինք զսպում էմոցիաները»,- նշեց նախագահը՝ հավելելով, որ երկու կողմերն էլ, հավանաբար, ափսոսում են, որ չհաղթեցին:
Սերժ Սարգսյանի գնահատմամբ, երկօրյա բանակցություններն անցել են լիակատար փոխըմբռնման մթնոլորտում, քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգային բոլոր հարցերը: Համագործակցության զարգացման համատեքստում քննարկվել է Բելգրադում Հայաստանի եւ Երեւանում Սերբիայի դեսպանատուն հիմնելու հարցը: Կողմերն անդրադարձել են հարաբերությունների դինամիկայի պահպանման, միջխորհրդարանական համագործակցության ակտիվացման եւ միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխգործակցության անհրաժեշտությանը:
Մեր երկրի ղեկավարը նաեւ տեղեկացրեց, որ կողմերը դիտարկում են վիզան սահմանին տրամադրելու կամ նույնիսկ վիզային ռեժիմը վերացնելու հարցը: Միաժամանակ, Սերժ Սարգսյանը փաստեց առեւտրա-տնտեսական հարաբերությունների զարգացման եւ պայմանագրային-իրավական բազա ձեւավորելու անհրաժեշտությունը: Այցի ընթացքում ստորագրվել են նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանը նպաստելուն կոչված փաստաթղթեր:
Հայաստանի եւ Սերբիայի նախագահները քննարկել են Սիրիայում եւ Իրաքում տիրող իրավիճակը, մտահոգություն հայտնել ազգային եւ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ծայրահեղական ուժերի գործողությունների, քրիստոնեական արժեքների ոչնչացման առնչությամբ:
Կողմերը չեն շրջանցել նաեւ ուկրաինական ճգնաժամի հարցը, կարծիքներ են փոխանակել իրավիճակի կարգավորման ուղղությամբ քայլերի մասին:



























